Ռուսաստանը և Իրանը համատեղ օգտագործում են Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազան

Միջին Արևելքի փորձագետներն ու լրատվամիջոցները սկսել են հաղորդել բավականին սենսացիոն լուրեր: Այն բանից հետո, երբ Իսրայելը, փոփոխական հաջողություններով, այնուամենայնիվ, ոչնչացրել է Սիրիայի տարածքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ և վնասել մի շարք ռազմական հենակետերի ենթակառույցները, որպեսզի ենթադրաբար թույլ չտա զենքով բեռնված իրանական ինքնաթիռներին վայրէջք կատարել այնտեղ, Ռուսաստանը իրանական բանակին հնարավորություն է տվել օգտագործել իր ռազմական օդանավակայանը Լաթաքիայի նահանգում՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով ոչ միայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը խոստացել է ցանկացած պահի հարվածներ հասցնել «Սիրիայում իրանական զորքերին», այլև ԱՄՆ-ին, որոնք ծպտյալ կերպով պաշտպանում են Իսրայելի զինված ավանտյուրաները Սիրիայի դեմ: Հիմնվելով Իսրայելի նախկին Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի խոստովանությունների վրա՝ մենք 2018-ից Հայաստանի քաղաքացիներին տեղեկացրել ենք, որ իրականում Սիրիայում գոյություն չունեն իրանական ռազմակայաններ, կան իրանական ռազմական խորհրդականներ և այլն, սակայն Իսրայելը համառորեն շարունակում է Սիրիայում «բացահայտել իրանական ռազմաբազաներ»: Մայիսի 4-ին Ռուսաստանի «Խմեյմիմ» ռազմական ավիաբազայի տարածքում ​​վայրէջք են կատարել երկու ռազմական ինքնաթիռներ՝ սիրիական ՌՕՈՒ «Իլ-76» ինքնաթիռը և «Airbus A310» ինքնաթիռը, որում, ինչպես ենթադրվում էր, առկա էր մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Եթե ​​ենթադրենք, որ այս ինքնաթիռներով իրականում Իրանից տեղափոխվել է որոշակի զենք և զինամթերք, ապա ռուսական ռազմական ավիաբազայի տարածքում վայրէջք կատարելը Իրանին երաշխավորում է 100% պաշտպանություն հնարավոր հրթիռային հարվածներից, քանի որ փոքր-ինչ սպառնալիքի դեպքում Ռուսաստանը հարձակվելու է անվրեպ և առանց որևէ նախազգուշացման: «Իրանին թույլ տալով օգտագործել «Խմեյմիմ» ավիաբազան՝ Ռուսաստանը մարտահրավեր է նետել Նեթանյահուին՝ բառացիորեն նշելով, որ Սիրիայում ռուսական ռազմական ավիաբազայի դեմ հարձակման միայն մեկ փորձը՝ անկախ հանգամանքներից, հանգեցնելու է ոչ միայն իսրայելական ինքնաթիռների ոչնչացմանը, այլև Իսրայելին հարված հասցնելուն»,- հայտարարել է տարածաշրջանի հարցերով անանուն մասնագետը՝ մեկնաբանելով իրավիճակը լիբանանյան «Al-Masdar News» պորտալում: Պետք է հստակեցնել, որ Իրանից զենք տեղափոխելու վերաբերյալ կոնկրետ տվյալներ դեռևս չեն հրապարակվել: Դժվար է ինչ-որ բան ասել, բայց մենք արդեն գրել էինք, որ Թուրքիան անհանգստացած է ռուսական Т-90 տանկերի և այլ զրահատեխնիկայի տեղափոխմամբ Սիրիա, ինչպես նաև այն փաստից, որ Ռուսաստանը Սիրիայում մարտական ​​պայմաններում փորձարկում էր իր նորագույն T-14 «Արմատա» տանկը: Եվ այդ ժամանակ առաջարկել են ենթադրել, որ Սիրիան, Ռուսաստանը և Իրանը լրջորեն պատրաստվում են թուրքամետ ահաբեկչական խմբավորումներից հյուսիսային Սիրիայի մաքրմանը՝ հաղորդելով նաև, որ Իրանը նույնպես որոշակի օգնություն է ուղարկում սիրիացիներին, չնայած հայտնի չէ, թե կոնկրետ ինչ։ Նկատենք, որ ԱՄՆ-ը չնայած լռում է Ռուսաստանից և Իրանից Սիրիա եկող ռազմական օգնության մասին, վերջերս ի դեմս պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ մեղադրել է Իրանին՝ Վենեսուելայի իշխանություններին «անհայտ օգնություն» մատակարարելու համար և պահանջել դադարեցնել իրանական «Mahan Air» ավիաընկերության թռիչքներն այնտեղ: Կարծում ենք, որ Փոմպեոյի այս մեղադրանքները համահունչ են այն փաստին, որ Իսրայելը մեղադրում է Իրանին Սիրիա զենք տեղափոխելու և «երկրում իրանական ռազմաբազաների» առկայության համար։

Ինչպես այնուհետև գրում է «Al-Masdar News»-ը, Իրաքում Ռուսաստանի դեսպան Մաքսիմ Մաքսիմովը տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է Բաղդադին տրամադրել առաջատար Ս-400 ՀՕՊ համակարգերը, հենց որ արաբական երկիրը ռազմական տեխնիկայի համար պաշտոնական հայտ ներկայացնի: «Ռուսական կողմն առայժմ պաշտոնական հայտ չի ստացել այդ կապակցությամբ: Կասկած չկա, որ վերջին իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել հակաօդային պաշտպանության համակարգերի, հատկապես՝ Ս-400 համակարգի գնումների հարցում,- մեջբերում է Մակսիմովի խոսքերն արաբական «Ալ-Ահադ» թերթը։ -Մանրամասները փաստելու համար դեռ վաղ է: Հետևաբար, ես ասում եմ, որ մենք կբավարարենք իրաքցիների խնդրանքը, երբ նրանք նման հայտ ներկայացնեն»: Նկատողություններն արվել են այն բանից հետո, երբ Իրաքի խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը այս ամսվա սկզբին խոր ուսումնասիրություն է ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդուլ-Մահդի ալ-Մունթաֆիկիին՝ հեռահար գործածության հրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու խնդրանքով: «Կոմիտեն վարչապետին է ներկայացրել համապարփակ ուսումնասիրություն՝ կատարելագործված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելուն հավանություն տալու պահանջով: Այս հարցն արդեն քննարկվել է Զինված ուժերի գերագույն հրամանատարության համապատասխան գործիչների հետ և այժմ սպասում է վարչապետի համաձայնությանը»,- հայտարարել է հանձնաժողովի անդամ Բադր ալ-Զիադին:

Մինչդեռ, ԱՄՆ Պենտագոնը, ըստ երևույթին, փորձարկել է իր F-35 կործանիչները Սիրիայում գտնվող ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Փորձարկումները, իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էին ամերիկյան F-35-ի հայտնվելով ռուսական Ս-400-ի մարտական գործողության շառավղում, ավարտվել են ոչ հօգուտ ամերիկացիների, ովքեր այլևս ռիսկի չեն դիմում հայտնվել ռուսական ռադարների հայտնաբերման գոտում: «Ամերիկյան F-35-ները փորձարկվել են ռուսական Ս-400-ների վրա, ամենայն հավանականությամբ, 2-3 տարի առաջ: Ենթադրաբար, ամերիկյան մարտական ​​ինքնաթիռը կարող էր մուտք գործել ռուսական ռադարների հայտնաբերման գոտի, որը և հայտնաբերել է ամերիկյան ՌՕՈՒ կործանիչը»,- նշում է այդ մասնագետը «Al-Masdar News»-ի հետ զրույցում: Փորձագետի կարծիքով՝ այդ պատճառով է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն խոչընդոտում է Թուրքիայի կողմից այդ համակարգերի ընդունմանը, ինչպես նաև ռիսկի չեն դիմում ուղարկել իրենց F-35 կործանիչները, ամեն դեպքում, ըստ բաց աղբյուրների, ավելի մոտ, քան 250 կմ հեռավորության վրա գտնվող Ս-400 տարածք: «Վաշինգտոնում գիտակցում են, որ եթե Էրդողանը բացահայտի ամերիկյան F-35-ների խոցելիությունը ռուսական Ս-400-ների նկատմամբ, որոնք ունակ են խոցել կործանիչները, նախքան վերջիններս մտնեն կրակի բացման գոտի, ապա աշխարհի ոչ մի երկիր այլևս չի գնի F-35: Ո՞ւմ են պետք մարտական ​​ինքնաթիռները, որոնց կարելի է խոցել մի համակարգից, որի գինը համապատասխանում է 3-4 ամերիկյան կործանիչների գնին»,- ավելացնում է այս մասնագետը: Պետք է հստակեցնել, որ Իսրայելը ևս չի ​​օգտագործում իր F-35 կործանիչները, որը, ակնհայտորեն, համապատասխան առաջարկությունները ստացել է Վաշինգտոնից, քանի որ ռուսական Ս-400-ները կկարողանան հայտնաբերել և նույնիսկ օգնել սիրիացիներին խոցել դրանց: Այժմ վախը «առաջ է վազում» ամերիկացի և իսրայելցի ռազմական օդաչուներից և նրանց հրամանատարներից:

Սերգեյ Շաքարյանց