ԵԽ պաշտոնյաները չեն ցանկանում Արցախ գալ և խնդիրը քաղաքականացնում են. Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ գրասենյակը 2019-ի գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրության տակ է պահել հայատյացության ուղղությունը և Ադրբեջանի կողմից եղած սպառնալիքները: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ներկայացնելով 2019-ի տարեկան զեկույցը, ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Օմբուդսմենի աշխատակազմն անցկացնում է Ադրբեջանի հետ շփման գծի իրավիճակի մշտադիտարկում և մտադիր է առաջիկայում հանդես գալ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույցով:

«Անընդհատ մշտադիտարկման տակ ենք պահում, ըստ անհրաժեշտության արձագանքում ենք, նաև փաստահավաք գործունեություն ենք իրականացնում: Շատ կարևոր ուղղություն է միջազգային չճանաչվածությամբ և Ադրբեջանի հակամարտությամբ պայմանավորված մարդու իրավունքների սահմանափակումները և խախտումները, որի խնդիրները վեր հանելու ուղղությամբ շատ աշխատանք է կատարվել և առաջիկայում պատրաստվում եմ ներկայացնել դրանք արտահերթ զեկույցով՝ ներառելով նաև միջազգային իրավական վերլուծություն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով եվրոպացի պաշտոնյաներին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ նրանք քաղաքականացնում են չճանաչված պետությունների խնդիրը, ինչի հետևանքով չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են շատ իրավունքներից:

«Ես այդ մասին ասել եմ և՛ միջազգային ամբիոններում, և՛ հանդիպումների ժամանակ: Բոլորը խոստովանում են, որ առկա է խնդիր, և այն պետք է լուծվի: Սակայն ոչ ոք քայլ չի ձեռնարկում: ԵԽ պաշտոնյաները չեն ցանկանում Արցախ գալ, և քաղաքականացնում են խնդիրը: Մեր օրինակով կարող եմ հաստատել, որ Ադրբեջանի կողմից ճնշումն արդյունք է տալիս»,- ընդգծել է օմբուդսմենը: