Մեծ Բրիտանիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 000 հատ բժշկական հանդերձը. դրանք անպիտան են ճանաչվել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի հենքին անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով բրիտանացի նախարարներն անցած ամիս հայտարարել էին մոտ ժամանակներս Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Բեռի ժամանումից հետո պարզվել է, որ ուղարկված 400 000 բժշկական հանդերձները չեն համապատասխանում բրիտանական չափանիշներին:

Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունը մայիսի 6-ի երեկոյան տեղեկացրել է, որ այդ իրերը պահպանվում են Հիթրոու օդանավակայանի մոտ գտնվող վայրում և պետք է հետ ուղարկվեն: Բրիտանական կողմը ցանկանում է փոխհատուցում ստանալ Թուրքիայից իր գնած և չափանիշներին չհամապատասխանող ապրանքի դիմաց:

Թուրքիայից եկող օգնության մասին հայտարարվել էր ապրիլի 18-ին, երբ իշխանությունները նախազգուշացում էին ստացել, որ անհրաժեշտ պաշտպանական միջոցների բացակայության պատճառով Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները հնարավոր է հրաժարվեն աշխատել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգի կարիքների համար շտապ անհրաժեշտ բժշկական պարագաները պետք է այդ երկիր ուղարկվեին ապրիլի 19-ին, սակայն Թուրքիայում առաջացած թղթաբանական քաշքշուկների պատճառով անգլիական ինքնաթիռը 2 օր անց է միայն կարողացել ուղեբեռը տեղափոխել Լոնդոն։ Տեղափոխության ուշացումը կարճաժամկետ լարվածության պատճառ էր դարձել երկու երկրների միջև։