Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը. այն վերաբերում է ՏՏ ոլորտին

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որը վերաբերում է ՏՏ ոլորտին։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Աջակցությունը դրամաշնորհի տեսքով է։ Այսպիսով՝ միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

1) համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին

2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ

3) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից:

Հակոբ Արշակյանը նշեց, որ նոր տիպի կորոնավիրուսը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար ևս բացասաբար է ազդել: «185 ընկերությունների շրջանակում հարցում է կատարվել և պարզվել է, որ նրանց 54 տոկոսի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով, միջինում ընկերությունների 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,-ասաց նա:

Պարետ Տիգրան Ավինյանը նկատեց. «Նշանակում է՝ ոլորտում որոշակի խնդիր կա, որ այսպիսի ծրագրի անհրաժեշտություն է առաջացել»: Նախարարը պատասխանեց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է նրանով, որ ընկերությունների 75 տոկոսից ավելին արտահանման շուկաների համար են աշխատում, իսկ այդ շուկաներում տնտեսական դանդաղեցումներ կան: