Որևէ հիմք չկա, որ կորոնավիրուսային վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է. Արսեն Թորոսյան

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:

Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019 թ. դեկտեմբեր և 2020 թ. հունվար ամիսներին:

Բոլոր 26 թեստերի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»: