Մայիսի 9-ին տեղի չի ունենա ավանդական երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր. ԱՀ պարետ

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնին ընդառաջ հանդես է եկել կոչով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսևորում:

Առջևում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:

Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակութաjին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:

Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարևոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները:

Զինվե’նք համբերությամբ և վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք:

Առողջ եղե’ք:»