Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի գործունեության դադարեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ հունվարի վերջին իր կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի խումբը դադարեցնում է աշխատանքը. դրա փոխարեն Սպիտակ տանը կստեղծվի մեկ այլ միջգերատեսչական խումբ, որը կզբաղվի երկրի տնտեսության վերականգնման հարցերով: Այս մասին տեղեկացնում է  korrespondent.net կայքը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ փոխնախագահ Մայք Փենսն ու նրա գործընկերները կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի շրջանակում մեծ աշխատանք են կատարել, սակայն ներկայում արդեն «փոքր-ինչ այլ ձևաչափի» անհրաժեշտություն կա:

«Այդ ձևաչաձը անվտանգությունն ու վերսկսումն է: Մենք մի այլ խումբ կունենանք` ստեղծված դրա համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Բացատրելով որոշման պատճառները՝ Թրամփն ասել է, որ չի կարելի մոտակա 5 տարին փակել նահանգները, այդ իսկ պատճառով Սպիտակ տանը քննարկում են ճգնաժամից դուրս գալու հաջորդ փուլերը:

Նա տեղեկացրել է, որ նոր խմբի կազմի մեջ կլինեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրքսը և ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: