Ոսկեպարի կոտորածի և սխրանքի հիշողություն. այսօր Նոյեմբերյանի միլիցիայի աշխատակիցների հիշատակի օրն է

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային Զինված ուժերի դեսանտայինները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները՝ օմոնականները, կազմակերպեցին ջարդ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մատույցներում։ Հետո պիտի հայտնի դառնար, որ դա «Օղակ» գործողությունն էր:

1990 թվականի մարտից Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին Օփբարա զյուղի դպրոցը վերածվել էր ռազմական հենակետի։ Կարգուկանոն վերականգնելու և «զինված կազմավորումներին» զինաթափելու պատրվակով 1991 թ. ապրիլի 30-ին վեց ուղղաթիռներից գյուղ են իջեցվել խորհրդային դեսանտայիններին, որոնք փակել են Ոսկեպարի մուտքի ու ելքի բոլոր ճանապարհները։ Գյուղ ներխուժած զինվորները պայթեցրել են մեկ ավտոմեքենա. սպանել 2 խաղաղ բնակիչների, ծանր վիրավորել 7-ին։

91-ի մայիսի 1-ին Նոյեմբերյանի ՆԳ բաժինն ահազանգ է ստացելք, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են առաջ: Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնի տղաներին են միանում  Վանաձորի կամավորները: Ձևավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ, և գրավելով դիրքեր՝ սկսում են  պաշտպանել սահմանամերձ Ոսկեպարի բնակիչների ու սահմանի անվտանգությունը:

Նոյեմբերյանի ՆԳ բաժնի միլիցիայի կարգախումբը (20 միլիցիոներ) չորս քաղաքացիական ուղեկիցների հետ ինքնապաշտպանական հերթափոխի համար փորձել էին գյուղ մտնել անտառի միջով, սակայն ընկել էին խորհրդային դեսանտայինների և ադրբեջանական օմոնականների պատրաստած ծուղակը։ Սահմռկեցուցիչ  դաժանությամբ սպանել են նրանցից 11-ին, մյուսներին՝ գերեվարել ու տեղափոխել Կիրովաբադի բանտ, որտեղ հարյուր մեկ օր մնացել են գերության մեջ, երեքը  բանտում մահացել էին։ Գեորգի Քոչարյանը, որ այն ժամանակ պարեկապահակետային ծառայության ոստիկան էր, և գերեվարվածների մեջ է եղել, պատմել է. «Մեզ տեղափոխեցին Ղազախի ՆԳ բաժին, այնտեղից էլ՝ Կիրովաբադի բանտ: Բոլորս էլ երկու-երեք տեղից վիրավոր էինք, բայց ոչ մի բժշկական օգնություն ցույց չտրվեց: Տղաներից երեքի վերքերը ծանր էին, մահացան բանտում…»:

Ոսկեպարի անտառներում տեղի ունեցած ողբերգությունից ժամեր անց խորհրդային զինվորները գերի են վերցրել նաև գյուղը պաշտպանող քառասունհինգ ոստիկանի ու հանձնել ադրբեջանցի օմոնականներին…

Գերության մեջ տղաներն անասելի խոշտանգումների են ենթարկվել, բայց մնացել են աննկուն, դիմացել արժանապատվորեն: «Իրար ոգևորում էինք, գոտեպնդում, որ հանկարծ որևէ մեկը չհուսալքվի: Նույնիսկ ծեծվելու հարցում էինք իրար աջակցում. տղաներ կային, որ ավելի դիմացկուն էին, ամեն անգամ մյուսների փոխարեն իրենք էին գնում ծեծվելու»,- մի առիթով պատմել են ադրբեջանական բանտերի դժոխքով անցած տղաները…

Եղեռնագործության կազմակերպիչները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն սկսեցին և Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացրին, բայց կազմակերպիչներն ու պատասխանատուները այդպես էլ մնացին անպատիժ։

Ոսկեպարի կոտորածում սպանվածները`

  1. Ազիբեկյան Արմեն Վազգենի ( նոյեմբերի 30, 1969 – մայիսի 6, 1991)
  2. Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 – մայիսի 6, 1991)
  3. Ամիրաղյան Աշոտ Սափբեկի (հունիսի 1, 1956 – մայիսի 6, 1991)
  4. Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 – մայիսի 6, 1991)
  5. Անանյան Մաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 – մայիսի 6, 1991)
  6. Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 – մայիսի 6, 1991)
  7. Գիշյան Մարտիկ Հայկազի ( մարտի 13, 1970 – մայիսի 6, 1991)
  8. Թանագյան Յոսա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 – մայիսի 6, 1991)
  9. Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13 1963 – մայիսի 6, 1991)
  10. Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 – մայիսի 6, 1991)
  11. Հանիսյան Վահան Հմայակի (հունվարի 3, 1958 – մայիսի 6, 1991)
  12. Ղարազյուլյան Ստեփան Սեպեյի (ապրիլի 19, 1963 – մայիսի 6, 1991)
  13. Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 – մայիսի 6, 1991)
  14. Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 – մայիսի 6, 1991)
  15. Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 – մայիսի 6, 1991)
  16. Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 – մայիսի 6, 1991)
  17. Մուղդուսյան Մարգիս Էլիազի (հունվարի 22, 1960 – մայիսի 6, 1991)
  18. Մուրադյան Միշտ Հայկի (փետրվարի 23, 1963 – մայիսի 6, 1991)։