Ազգային ժողովն ընդունեց «Կերի մասին», «Նախադպրոցական կրթության մասին» և մի քանի այլ օրենքների փոփոխությունների նախագծերը

Ազգային ժողովն այսօր քվեարկեց երեկ քննարկված նախագծերը: Այսպիսով՝ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 ձայնով:

Հաջորդ քվեարկությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համայնքներին կատարվող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային: Սահմանվել է նաև, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ կա նվիրատուի կողմից գրավոր համաձայնություն:

117 կողմ ձայն ստացավ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պարտականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված բուժայցելուի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է:

Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ՝ ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները:

Ազգային ժողովն ընդունեց նաև «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 116 պատգամավոր: Նախագծով կարգավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստացվող ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ: Այն ստացավ 116 կողմ ձայն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մաս հատկացվի նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Նախագծին կողմ էր 109 պատգամավոր: