ԱԺ-ն թող համարի, որ բավարար չափով արդեն զգուշացված է Լանզարոտի կոնվենցիայի վավերացման առնչությամբ

Ինչ է սպասվում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երեխաներին, մեր ծնողների և ուսուցիչների մի մասին, մեր հասարակությանը… Ազգային ժողովի մեր աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, ԱԺ-ի իշխող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկելու Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը, եթե խմբակցության ղեկավարությունը չպահանջի, որ բոլոր իմքայլականները մեկ մարդու նման կողմ քվեարկեն այդ խիստ վտանգավոր կոնվենցիայի վավերացմանը, այսինքն` դեմ լինողներին ազատ կամարտահայտման հնարավորություն ընձեռնի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կոնվենցիայի վավերացման առնչությամբ կան տարաձայնություններ, բայց, այս պահին եղած տեղեկությունների համաձայն, խմբակցությունը կողմ է քվեարկելու կոնվենցիայի վավերացմանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը: Միով բանիվ, կարելի է համարել, որ «Ազգային ժողով» կոչվածը Լանզարոտի կոնվենցիան կվավերացնի, չափազանց չնչին է հույսը, որ պատգամավորների մեծամասնության շրջանում վերջին պահին կհաղթի ողջախոհությունը:

Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից, այն ուժի մեջ մտցնելուց բխող վտանգների մի մասը, կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության հիմնավորումներն արդեն ներկայացրել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակումներով, այդ թվում նաև` «Հայաստանում պատրաստվում են օրենսդրորեն բացել այլասերման, պղծության, սոդոմ-գոմորյան կործանման դարպասները» հոդվածով, և ցանկացողները նշված հղմամբ կարող են ծանոթանալ դրանց: Դրանք, սակայն, դեռ այն բոլոր վտանգները չեն, որոնք սպասվում են մեզ կոնվենցիայի վավերացման դեպքում: Ինչ-ինչ շահարկումների տեղիք չտալու համար, նշենք, որ Լանզարոտի կոնվենցիայի ոչ բոլոր դրույթներն են վտանգավոր և անընդունելի, հակառակը` դրանք մեծամասնությամբ ընդունելի են, բայց այնուհանդերձ… Այն տպավորությունն է, որ թույնը միտումնավոր խառնված է շաքարին, որպեսզի թույնի դառնությունը չզգացվի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լանզարոտում 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված հիշյալ կոնվենցիան պաշտոնապես կոչվում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա: Անվանումն, անշուշտ, անմեղ է և բարի, նույնիսկ հուշում կամ վկայում է այս կոնվենցիայի ու դրա վավերացման անհրաժեշտության մասին, ու բնավ չի բացահայտում, թե դրանում ինչ թաքնված վտանգներ կան:

Մինչդեռ հակասահմանադրական այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:

Լանզարոտի կոնվենցիայով ստանձնած պարտավորության կատարմամբ մեր, ընդգծում ենք, նաև տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև 8-րդ դասարան դեռ չհասած ու «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկան դեռ չյուրացրած դեռահասներին դպրոցներում, ամենայն հավանականությամբ, նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ տեղեկացնելու են, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը և այլն: Այսպիսով խեղելու են այս տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին, պղտորելու են նրանց միտքը, այդ երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացնելու, վտանգավոր հետևանքներ ունեցող գայթակղություններ, այսինքն` բացելու են Պանդորայի արկղը:

Իսկ ինչպե՞ս են այդ տարիքի երեխաներին սովորեցնելու սեռական բռնությունից և սեռական շահագործումից «իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների և, ընդհանրապես, Արևմուտքի փորձից դա արդեն հայտնի է: Այն հակիրճ կարելի է այսպես ներկայացնել. սեռական բռնությունը կանխելու համար պետք է շատ ուշադիր լինել, եթե որևէ մեկը` կապ չունի, թե ով, թեկուզ ձեր ծնողը, եղբայրը, քույրը, հարազատը, ձեռքով կպնում է ձեր հետույքին կամ կրծքին, սեռական հետապնդման այդպիսի յուրաքանչյուր դեպքի մասին պետք է ժամանակին հայտնել ոստիկանին, թեժ գծի հեռախոսահամարով, ծնողին, ուսուցչին, եթե սեռական հետապնդման ենթարկողները վերջինները չեն:

Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ` հայրը գրկել է իր 8-9 տարեկան աղջնակին, այդ ընթացքում ձեռքով կպել նրա տուտուզիկին կամ կրծքին: Ինչպե՞ս կվարվի երեխսն նման դեպքում` այն բանից հետո, երբ դպրոցում, հեռուստատեսությամբ իր գլուխը հետևողականորեն լցրած կլինեն վերոնշյալ զգուշացումներով: Եկեք լավատես լինենք ու մտածենք, որ մեր երեխաները ծնողի սերը, ջերմությունը զգալով, զանց կառնեն այդ զգուշացումները ու չեն զանգահարի թեժ գծի հեռախոսահամարով, չեն դիմի ոստիկանություն և այլն: Բայց…

Երեխաների մեծ մասն իրենց ծնողների, ավագների հետ տարբեր առիթներով բնական-դաստիարակչական կոնֆլիկտներ են ունենում, վիճաբանություններ, երբեմն նույնիսկ արժանանում նրանց դաստիարակչական ապտակին կամ ինչ-որ բաներ անելու տեղին և անհրաժեշտ արգելքին, և վաղ տարիքից նման վախերով, տեղեկություններով ծրագրավորված, բարդույթավորված երեխան այդպիսի դեպքերում թեժ գծի կամ ոստիկանության հեռախոսահամարով զանգահարելու, «սեռական հետապնդման» ենթարկված լինելու մասին հայտնելու հնարավորությունը կարող է օգտագործել՝ շանտաժի ենթարկելով իր ծնողին, պապիկին կամ ավագ եղբորը:

Ավելին. ոչ միայն կարող է սպառնալ զանգահարելով, հայտնելով, այլև կարող է հենց զանգահարել ու հայտնել` ապտակի համար վրեժ լուծելով կամ չհասնելով իր ցանկալի զիջմանը, ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողը կամ ավագն իր վերոնշյալ մարմնամասերին իրականում անգամ մատով չի կպել: Խոսքը վերաբերվում է նաև ավելի տարեց, ասենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների աշակերտներին: Իհարկե, նկատի չունենք բոլոր երեխաներին, բայց չմոռանանք, որ շատ ընտանիքներ չափազանց հեռու են օրինակելի լինելուց, և բոլոր ընտանիքներում չէ, որ միջանձնային հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն:

Ի դեպ, երեխան ինչ-ինչ դեպքերում նման կերպ կարող է վարվել նաև իրենց ուսուցչի նկատմամբ: Ի վերջո, չմոռանանք նաև անցումային տարիքում երեխաների դաստիարակության բարդությունների մասին: Ինչ վերաբերվում է թեժ գծի հեռախոսահամարին, ապա կոնվենցիայի վավերացումից որոշ ժամանակ հետո այն դպրոցում և հեռուստատեսությամբ առաջին տեղեկությունների թվում է տրվելու աշակերտներին, այդ թվում նաև` տարրական դասարանների:

Ոմանց կարող է թվալ, թե նույնիսկ այդ դեպքում որևէ վտանգ չկա, թեժ գծի հեռախոսահամարին զանգելուց հետո տուն կամ դպրոց հաճախած սոցաշխատողները, հոգեբանները, փորձագետները` լինեն պետական կառույցի թե երեխաներին սեռական բռնությունից, սեռական շահագործումից պաշտպանելու գործին լծված ՀԿ-ների ներկայացուցիչներ, երեխային լսելով, թացը չորից կտարբերեն: Միամիտն՜ր…

Սորոսական և այլ «գրանտներով» սնվող մի շարք ՀԿ-ներ սոցաշխատողների, հոգեբանների, փորձագետների արդեն մի ողջ բանակ են պատրաստել, որոնք կոնվենցիայի վավերացումից, համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո գնալու են թեժ գծի հեռախոսահամարով ստացված զանգերի հետքերով` պաշտպանելու սեռական բռնության ռիսկի ենթարկվածներին, կանխելու սեռական բռնությունը… Դժվա՞ր է պատկերացնել, թե նրանք ինչ ուղղորդող հարցեր կարող են տալ երեխային և ծնողի կամ ուսուցչի կողմից նրա նկատմամբ իբր կատարված անառակաբարո գործողության վերաբերյալ ինչ պատասխաններ ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ երեխան այնքան էլ տրամադրված չէ բողոքել ծնողի, ավագի կամ ուսուցչի դեմ, վճռական չէ այդ հարցում:

Կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ո՞րն է լինելու այդ սոցաշխատողների, հոգեբանների, փորձագետների շահագրգռությունը, ինչո՞ւ պետք է այդպես վարվեն: Ամեն ինչ շատ պարզ է` որքան շատ սեռական բռնության դեպքեր կանխեն, բացահայտեն, այնքան առատորեն կվարձատրվեն Սորոսից և Արևմուտքի այլ կառույցներից, այդ թվում նաև, միանգամայն սպասելի է, հենց Լանզարոտի կոնվենցիայի ծնողը հանդիսացող Եվրոպահի խորհրդից «գրանտների», ֆինանսական աջակցության տեսքով:

Հասարակական գործիչ, բժիշկ Զաքար Խոջաբաղյանը Արևմուտքի փորձի կամ եվրոպական որոշ երկրներում արձանագրվածի հիման վրա արդեն տեղեկացրել- զգուշացրել է` «Կան նաև բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են հենց սոցաշխատողները, հոգեբանները և պետական պատասխանատուները խաբել ու շահագործել երեխաներին՝ նրանց պաշտպանելու անվան տակ։

Օրինակ Իտալիայում վերջերս մեծ սկանդալ էր, երբ բացահայտվեց, որ մի շարք «ոլորտային էքսպերտներ» շահագործել են երեխաներին, խլել նրանց ընտանիքներից, զբաղվել երեխաների առևտրով՝ նրանց նախապես տարբեր տեխնոլոգիաներով ներշնչելով, թե իբր իրենց ընտանիքում սեռական բռնության են ենթարկվել»:

Առկա են նաև վերոնշյալ ՀԿ-ների շահագրգռվածությամբ պայմանավորված տարբեր կոռուպցիոն ռիսկեր:

Ավելին. արտերկրում արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կինն ամուսնու հարցերը լուծելու, նրա ունեցվածքին տիրանալու և, երեխայի հետ միասին, սիրեկանի հետ հեռանալու նպատակով, մանկահասակ երեխային նախապես մի քանի բան է սովորեցրել, ներշնչել, ապա դիմել թեժ գծին, թե ամուսինն իրենց երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարել: Ժամանած, այսպես կոչված, «համապատասխան մասնագետները» մի քանի ուղղորդող հարցեր են տվել իրականությունը չիմացող ու չհասկացող, իրավիճակը գնահատելու անընդունակ երեխային, ստացել ոչ միայն մոր, այլև իրենց ուզած պատասխանները, ապա երեխայի` հոր կողմից իբրև սեռական բռնության ենթարկված լինելու մասին հայտնել իրավապահներին: Կարծում ենք, բոլորին արդեն հասկանալի է, թե դրանից հետո երեխայի հայրն ինչ ճակատագրի է արժանացել:

Ինչպես հայտնի է, ամուսնալուծությունների ժամանակ ծնողների միջև հաճախ վեճեր են առաջանում, թե անչափահաս երեխան ում մոտ պետք է մնա: Եվ, ահա, Եվրոպայում կան նաև դեպքեր, երբ մայրը, որպեսզի երեխան իր մոտ մնա, իրավապահ մարմիններին, դատարանին սուտ հաղորդում է ներկայացրել, թե ամուսինը սեռական շահագործման է ենթարկում իրենց երեխային կամ նրա նկատմամբ սեռական հակումներ ունի, սեռական հետապնդման է ենթարկում և այլն, ու… հասել է իր ուզածին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում նման բազմաթիվ դեպքեր չեն լինի: Բավակա՛ն է, առանց այն էլ, հազար դարդ ու ցավ ունենք, մեր կյանքը մի վերածեք մղձավանջի:

Ազգային ժողովը թող համարի, որ բավարար չափով արդեն զգուշացված է Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից բխող վտանգների և կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին: Թե ինչպես կվարվի` իր որոշելիքն է, բայց թող չմոռանա, որ հետո պատասխան է տալու իր ընտրողների (և ոչ միայն…) առջև:

Արթուր Հովհաննիսյան