Չինաստանը հետևում է ծովերում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը

Չինացիները ուշադիր հետևում են ամբողջ աշխարհին, և դա վաղուց հայտնի է: Ինչպե՞ս և ինչ է հաշվարկում Չինաստանի ռազմական հետախուզությունը. մենք, իհարկե, չենք կարողանա որևէ մեկին պատմել: Բայց բոլորը, այդ թվում՝ նաև Հայաստանը, պետք է ուշադրություն դարձնեն այն ամենի վրա, ինչ ասում են չինացի մասնագետները: Չէ՞ որ, տվյալ դեպքում չինացիները հետևում են Անդրկովկասին համեմատաբար մոտ գտնվող տարածաշրջանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի հարաբերություններին: Նախ չինացիները ուշադրություն են դարձրել օտարերկրյա փորձագետների խոսքերի վրա, որոնք մեկնաբանել են «Դոնալդ Քուկ» ամերիկյան էսկադրային ականակրի արշավը Սև ծովում, որը ֆիասկո դարձավ ԱՄՆ-ի զինված ուժերի համար: Չէ՞ որ ռուսները, ըստ էության, վտարել են ամերիկացիներին՝ ստեղծելով հոգեբանական ճնշման մթնոլորտ օդում և ծովում, ինչպես նաև ակտիվացնելով առափնյա պահպանության ստորաբաժանումները Ղրիմում և Կովկասի Սևծովյան ափերին:

Սակայն չինացիներին էլ ավելի է զարմացրել Ռուսաստանի ակնթարթային արձագանքը Պարսից ծոցում իրանցի և ամերիկացի նավաստիների միջև տեղի ունեցած դեպքերին: Վերջին շրջանում  հայտնի դարձավ, որ Պարսից ծոցում գրեթե բախում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ռազմածովային ուժերի միջև, նրանց մարտական ​​ստորաբաժանումները համարյա բախվում էին միմյանց բաց ծովում: Դեպքից հետո կողմերը փոխանակվել են միմյանց հանդեպ մեղադրանքներով՝ վտանգավոր մանևրելու մեջ: Փորձագետներն արձանագրել են, որ իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ լարված է մեծ թվով ամերիկյան նավեր Պարսից ծոց ուղարկելու պատճառով, ինչը վտանգավոր և ակնհայտ սադրանք է Միացյալ Նահանգների կողմից՝ հաշվի առնելով Իրանի՝պատասխան հարվածներ հասցնելու պատրաստակամությունը: Եվ այսպես, չինական Sohu պորտալը, որը մոտ է Չինաստանի ռազմական շրջանակներին, փորձել է հասկանալ, թե ինչ մտադրություններ ունիՄոսկվան:

Պարսից ծոցում այս իրադարձությունների հենքին Ռուսաստանը, մի քանի օրվա տարբերությամբ, միանգամից երեք ուղղություններով զորավարժություններ է անցկացրել: Այդ զորավարժություններին ներգրավվել էին Սևծովյան, Բալթյան և Խաղաղ օվկիանոսի նավատորմի ուժերը: Հենց դա է ամենից շատ լարել չինացի փորձագետներին: Ըստ երևույթին, նույնիսկ Պեկինում չէին սպասում, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը ի վիճակի են կտրուկ և արագ արձագանքելու: Չինացի վերլուծաբանները համոզված են, որ ռուսական նավատորմի ակտիվությունը կապված է հենց Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձություններին: «Միացյալ Նահանգները Պարսից ծոցում է տեղակայել իր նավերի հզոր խմբավորում, այդ թվում՝ «Էյզենհաուեր» ավիակիրը… Կարելի է արձանագրել, որ Իրանը հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում»,- նշել են չինացի փորձագետները Sohu կայքում հրապարակված հոդվածում: Բայց իր գործողություններով Մոսկվան ԱՄՆ-ին զերծ է պահում Իրանի դեմ չմտածված քայլերից: Այս ազդանշանը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում հակամարտությունը կարող է վերածվել ավելի մասշտաբային ինչ-որ բանի, քան հերթական տեղական դիմակայությունն է: Հազիվ թե որևէ մեկը կարող էր ակնկալել, որ Ռուսաստանն այսքան արագ և կոշտ կարձագանքի այս իրավիճակին, քանի որ Սև, Բալթյան և Ճապոնական ծովերում միաժամանակյա զորավարժությունները չափազանց վճռական քայլ են: Չնայած նրան, որ Ռուսաստանի նավատորմը նավերի քանակով զգալիորեն զիջում է ամերիկացիներին, այն, միևնույն է, չափազանց մեծ վտանգ է ներկայացնում մրցակիցների համար:

Պեկինը նաև նշում է, որ ՌԴ ՌԾՈՒ մոբիլիզացումը մեծ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ զինված ուժերի շրջանում: Ռուսաստանի այդքան կոշտ գործելու պատճառն այն է, որ վերջինս ճանաչում է Իրանի ինքնիշխանությունը, ինչպես նաև անհիմն է համարում այս պետության ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի փորձերը: Չինաստանը վստահ է, որ Վաշինգտոնում սկսում են մտածել, թե ինչպես արձագանքել Իրանին և Ռուսաստանին: Չէ՞ որ հակառակորդները ամերիկացիներին ցույց են տալիս, որ պատրաստ են ցանկացած քայլի: Հայտնի է, որ Թրամփը հրաման է տվել հաղորդումներ տարածել ամերիկյան «Trident-2» սուզանավերը ցածր հզորության միջուկային լիցքով հրթիռներով վերազինելու վերաբերյալ: Հասկանալի է. սա արվում է առնվազն Ռուսաստանին և Իրանին վախեցնելու համար, ինչպես նաև՝ Չինաստանին, իհարկե: Այսպիսով, Միացյալ Նահանգները փորձում է թեժացնել միջազգային իրավիճակը և պահպանել «եռման ջերմաստիճանը» ընդհուպ մինչև նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում. ով  չի հասկացել դա, ուրեմն, կներեք, չպետք է զբաղվեն կամ հետաքրքրվեն քաղաքականությամբ: «Trident-2» սուզանավի մասին վերը նշված զեկույցներից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից W76-2 ցածր հզորությամբ միջուկային հրթիռների արտադրությունը հանգեցնում է միջուկային շեմի նվազեցմանը, ինչը շատ վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Նոր մարտագլխիկը կշռում է 5-6 կիլոտոննա, իսկ հին W76-1-ը՝ 100 կիլոտոննա: Լավրովի խոսքերից ընդամենը մեկ օր անց, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով աշխարհում տիրող նոր իրավիճակը, հաստատակամ և վճռականորեն հայտարարել է, որ. «ԱՄՆ սուզանավերի կողմից ցանկացած հրթիռային հարձակում հանդիպելու է միջուկային հարվածի Ռուսաստանի կողմից: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի ռազմական դոկտրինին»:

Եվ հետո նա մի քանի զարմանալի մանրամասներ է հայտնել մոլորակի հանրությանը: «Ինչպես մենք արդեն բազմիցս բացատրել ենք՝ նման քայլը համարում ենք վտանգավոր: Մենք համարում ենք, որ դա ապակայունացման այդպիսի տարր է,- ընդգծել է Զախարովան:- ԱՄՆ գործողությունները ուղղված են ռազմավարական և ոչ ռազմավարական միջուկային զենքի միջև եղած սահմանների վերացմանը, ինչը հանգեցնում է միջուկային շեմի նվազմանը: Այս դիրքորոշմանը հանգել են ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհի ակադեմիական համայնքի ներկայացուցիչները, և նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսում»: Զախարովայի շնորհիվ աշխարհն իմացել է, որ նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսը դեմ է «Trident-2» սուզանավերի վերաբերյալ Թրամփի վերջին հրամանին։

Սերգեյ Շաքարյանց