Մինչև 2021-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ կավարտվի ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը

Մայիսի 4-ին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։ Հանդիպման մանրամասները ներկայացրել է Արայիկ Հարությունյանը.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ  հանդիպմանս շարունակությունը ընդլայնված կազմով էր:

Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:

Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը»: