Ճապոնիան երկարաձգում է արտակարգ դրությունը՝ վախենալով կորոնավիրուսի երկրորդ ալիքից

Ապրիլի 7-ին Ճապոնիայում հայտարարված արտակարգ դրությունը պետք է ավարտվեր վաղը, սակայն երկրի վարչապետը որոշում է ընդունել այն երկարաձգելու մասին։ Արտակարգ դրությունը այդ երկրում կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Այս մասին ազդարարել է վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է տեղական «Մաինիչի» պարբերականը։

Թեև Ճապոնիան առաջիններից մեկն էր, որտեղ հայտնվեց կորոնավիրուսը, բայց այնտեղ իրականացված միջոցառումների արդյունքում դրա տարածումը շատ ցածր մակարդակի վրա է պահվել մինչև հիմա։ Ի տարբերություն, օրինակ՝ եվրոպական երկրների, այնտեղ մինչև հիմա գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 14 հազար 877 դեպք։

Ճապոնիայում, սակայն, վախենում են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքից։ Վարչապետը բացատրել է, որ արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածում իրենք արդեն պետք է երկիրը պատրաստեն բացվելուն։ Մինչ այդ մարդկանց շփումները պետք է պահվեն նվազագույն մակարդակի, պրեֆեկտուրաների միջև այցելություններն արգելվում են։