Իտալիան հանում է մի շարք սահմանափակումներ. 4,5 մլն մարդ կվերադառնա աշխատանքի

Իտալիայում իշխանություններն աստիճանաբար հանում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները: Դրանք հիմնականում վերաբերում են մարտի 22-ին կասեցված արտադրական և շինարարական գործունեությանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, աշխատանքի է վերադառնում  4,5 մլն մարդ: Վերսկսվում է հանրային տրանսպորտի աշխատանքը:

Միևնույն ժամանակ շարունակում են փակ մնալ ռեստորանները, բարերը, առևտրի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները, վարսահարդարման և գեղեցկության սրահները։ Չեն բացվում նաև ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները։ Դպրոցականներն ու շրջանավարտները քննություններ կհանձնեն առցանց։

Եկեղեցիներում վերսկսվում են սգո արարողությունները, սակայն դրանց կարող է մասնակցել 15-ից ոչ ավելի մարդ։ Թույլատրվում է այցելել նույն բնակության վայրում ապրող մերձավոր ազգականներին և մշտական գործընկերներին։

Իշխանությունները ծրագրում են մշտադիտարկում անցկացնել և տեսնել՝ ինչպես թուլացումները կազդեն վարակման դինամիկայի վրա։ Եթե երկրում վարակի կտրուկ պոռթկում չլինի, ապա մայիսի 18-ից իտալացիներին սպասում է թուլացումների հաջորդ փուլը՝ կբացվեն խանութներն ու թանգարանները, իսկ հունիսի 1-ից՝ ռեստորաններն ու վարսավիրանոցները։

Միաժամանակ կառավարությունը մտածում է ներքին զբոսաշրջության կազմակերպման հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ արտասահմանցի զբոսաշրջիկների վերադարձը գրեթե անհնար է։

Վերջն տվալներով՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 210 717 դեպք, որից 28 884-ը՝ մահվան ելքով։