Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մի մասը կպահպանվի մինչև պատվաստանյութի ստեղծումը

Ռուսաստանում սահմանափակող միջոցառումների մի մասը կպահպանվի մինչև պատվաստանյութի հայտնվելը: Այս մասին ասել է Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:

«Սահմանափակող միջոցառումները պետք է հանվեն փուլ առ փուլ, բայց դրանց մի մասը պետք է պահպանվի մինչև կանխարգելիչ դեղամիջոցների ի հայտ գալը»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքով ասել է Մուրաշկոն:

Առողջապահության նախարարության ղեկավարը շեշտել է որ կորոնավիրուսային իրավիճակի վերահսկելի լինելը ամենևին չի նշանակում, որ «անմիջապես տոն կհայտարարվի և, անմիջապես բոլոր սահմանափակումները կհանվեն»: Նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջ համակարգ, ինչը թույլ կտա վերահսկել դեպքերի աճը:

Նախարարը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի հնարավորությունը չի կարելի բացառել:

«Եթե չստեղծենք իմունային համակարգ, ապա բռնկման երկրորդ ալիքը, կարող է լինել, և կարող է լինել ևս մեկ պիկ, մենք խոսում ենք այն փաստի մասին, որ վիրուսը բոլոր դեպքերում որոշ ժամանակ շրջանառվելու է»,- ասել է Մուրաշկոն, պատասխանելով այն հարցին, թե սահմանափակող միջոցառումների վերացումը կբերի արդյո՞ք հիվանդությունների նոր ալիքի: