Որ դեպքերում կորոնավիրուսի դեմ կձևավորվի կայուն իմունիտետ. փորձագետի բացահայտումը

Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի պաթոֆիզիոլոգիայի պրոֆեսոր Անտոն Երշովը «Ռոսիյսկայա գազետա»-ին պատմել է, թե ինչ պայմաններում է կորոնավիրուսի դեմ ձևավորվում կայուն իմունիտետ:

Ըստ Երշովի՝ COVID-19-ի դեմ կայուն իմունիտետի ձևավորման համար օպտիմալ պայմանը հիվանդության միջին բարդության ընթացքն է`առանց դեղորայքի ավելորդ օգտագործման: «Այս դեպքում օրգանիզմը կորոնավիրուսի դեմ ստեղծում է առավելագույն իմունիտետ»,- նշել է նա:

Պրոֆեսորի խոսքով՝ պատշաճ իմունիտետը, որն ապահովում է պաշտպանություն վարակի դեմ, չի կարող ձևավորվել երկու դեպքում՝ թեթև և հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքի դեպքերում: Առաջին դեպքում, չնայած վարակվելուն, մարդու մարմնում վիրուսի թույլատրելի քանակություն չի հայտնաբերվում`վարակը լրջորեն ընդունելու և դրա դեմ հակամարմիններ զարգացնելու համար:

«Երկրորդ դեպքում՝ երբ հիվանդությունը ծանր ընթացք ունի, ևս իմունիտետ չի ձևավորվում: Չափազանց ծանր ընթացող հիվանդության ժամանակ մարմինը այնքան սթրեսային է լինում, որ նրա բոլոր ուժերը ծախսվում են տվյալ պահին կյանքը պահպանելու, և ոչ թե ապագայի համար պաշտպանություն ձևավորելու համար: Մարմինը պարզապես չի ունենում բավարար ուժ, մասնավորապես՝ սպիտակուցներ՝ հակամարմինների ձևավորման համար»,- բացատրել է Երշովը:

Մասնագետը հավելել է, որ ներկայիս կորոնավիրուսի խնդիրն այն է, որ այն հայտնվել է վերջերս, և, հետևաբար, քիչ ժամանակ է անցել այս վիրուսին «ծանոթանալու» համար: «Քանի որ դա SARS է, կա ենթադրություն, որ COVID-19-ի դեմ իմունիտետը կպահպանվի երկու տարի: Բայց հաստատված տվյալներ չկան»,- եզրափակել է  պրոֆեսորը:

COVID-19 համավարակը տարածվել է աշխարհի շատ երկրներում: Ընդհանուր առմամբ, վարակվել է ավելի քան 3,6 միլիոն մարդ, որից ավելի քան 248 հազար մարդ մահացել է, առողջացել  է մոտ 1,2 մլն-ը: