Քաղաքական դիմանկարի փորձ՝ երկու տարի անց

Նիկոլ Փաշինյան՝ լրագրող, քաղաքական գործիչ: Վաղ երիտասարդ տարիքում իր անձով ու քաղաքական հայացքներով հանրությանը հայտնի չի եղել, բայց իր կարծիքով, ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով: Մի շարք թերթերում զբաղվել է լրագրությամբ: 13 տարի (որից փաստացի 1,5-ը թաքնվել է ընդհատակում, և մոտ 2-ը՝ անցկացրել ազատազրկման վայրերում) եղել է թերթերից մեկի գլխավոր խմբագիր: Լավ լրագրող էր, թե՞ վատ՝ առ այսօր տրամագծորեն հակառակ կարծիքներ են հնչում: 2008թ. մարտի 1-ին եղել է բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկն ու գլխավոր ցուցարարը: Դատապարտվել է, և 2011թ. իշխանությունների կողմից համաներմամբ ազատ է արձակվել: Թոմաս Համարբերգն ու Human Rights House հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին համարել են քաղբանտարկյալ:

2012-17 թթ. եղել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2017-18թթ. եղել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար: Խորհրդարանական տարիներին ԱԺ ամբիոն է տեղափոխել և զարգացրել լրատվական հարթակներում մինչ այդ իրականացված քննադատական բուռն գործունեությունը: Քննադատել է նախկին իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական գրեթե բոլոր նախաձեռնությունները: Քննադատությունները չի հիմնավորել գաղափարական հակադրություններով և հանդես չի եկել այլընտրանքային առաջարկություններով: Փոխարենը՝ առաջնորդվել է հնարավորինս պոպուլյար լինելու մղումով:

Սակայն այդ մարտավարությունը մեծ դիվիդենտներ չի բերել, ինչն ակնհայտ է եղել 2017թ.-ին ԵԼՔ դաշինքի ինտենսիվ քարոզչության արդյունքում հավաքած ցածր տոկոսներով: Դրանից մեկ տարի անց, 2018թ. մարտի 31-ին սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը հանգեցրել է իշխանափոխության: Իշխանափոխության իրական պատճառների մասին՝ մտածող մարդկանց մոտ դեռևս չպարզաբանված հարցեր են մնում, իսկ չմտածող մարդիկ դեռ հավատում են, որ տեղի է ունեցել հեղափոխություն:

2018թ. մայիսի 8-ին, ինքնահռչակման եղանակով, Նիկոլ Փաշինյանն առաջադրվում է «ժողովրդի թեկնածու», որից հետո, հոգեբանական և տեղեկատվական տեռորի ենթարկված ԱԺ-ն ընտրում է ՀՀ վարչապետ: 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ադյունքում նշանակվում է ՀՀ վարչապետ: Նշենք, որ մեր վարչապետը համազգային նշանակության որևէ ձեռնարկի, հայ ժողովրդին պատիվ բերող որևէ գործողության, հայ ժողովրդի հպարտությունն ավելացնող որևէ տիպի ստեղծագործության հեղինակ չէ: Չի պայքարել համազգային խնդիրների համար, այլ բացառությամբ սեփական իշխանության:

Դատելով գործունեությունից՝ մեր հերոսը շուրջ 20 տարի շարունակ ձգտել է իշխանության: Այդ ընթացքում ջանացել է իր հետ կատարված տարբեր իրադարձությունները քողարկել հալածյալի ու քաղբանտարկյալի յափնջիով: Տարիներ շարունակ, անկախ կարգավիճակից, քաղաքական և տեղեկատվական «շուկա է դուրս բերել» չհիմնավորված ու կեղծ քաղաքական «ապրանքներ» (օդում կախված լուրեր, քաղաքական ելույթներ, մեղադրանքներ և այլն), որի արդյունքում հավատավոր և միամիտ հասարակության մոտ առաջ է բերել բարեխիղճ մոլորություն:

Ըստ նրա՝ նախկին իշխանությունները թալանչի են, քրեաօլիգարխիայի վրա հենված, ծախու և կոռումպացված են: Ըստ նրա՝ արտաքին քաղաքականությունը չէր բխում Հայաստանի շահերից: Ըստ նրա՝ տնտեսությունը կենտրոնացված էր մի քանի կլանների ձեռքում: Ըստ նրա՝ գողացվում էին թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը: Ըստ նրա՝ նախկինները ձախողում էին նույնիսկ Արցախի հարցը, իսկ բանակը թալանել էին ու թուլացրել պաշտպանունակությունը: Ըստ նրա՝ ոտնահարվում էին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: Մի խոսքով՝ ամեն ինչ հանցագործության աստիճանի վատ էր:

20 տարի շարունակ Փաշինյանը քաղաքացիների ականջները խցանած այս ֆեյք տեղեկատվական «ապրանքը վաճառում էր» բոլոր հնարավոր ամբիոններից: Մարդիկ հավատում էին, և առ այսօր էլ դեռևս կան բարեխիղճ մոլորյալներ: Ցավալին այն է, որ նրանցից շատերն առանց խոստովանելու՝ հայտնվել են Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի հերոսներից մեկի դերում («…Բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում»):

2018-2020թթ-ին՝ ընդամենը երկու տարվա ընթաքում, վարչապետ դարձած Փաշինյանի 20 ամյա «աշխատանքը» ջուրն է լցվում կամ հօդս է ցնդում: Ինչո՞ւ: Որովհետև՝

  1. Կոռուպցիան բացահայտելու համար առ այսօր չկան օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներ: Իսկ քանի դեռ այն չկա, մարդն անմեղ է, և նրան հրապարակային մեղադրելը զրպարտություն է:
  2. Քրեաօլօգարխիայի դեմ Փաշինյանի «պայքարը» ևս թարս է բուսնել: Ավելանում են սպանություններն և քրեածին այլ երևույթները:
  3. Արտաքին քաղաքականության մեջ նախկինում արված մեղադրանքները հօդս ցնդեցին իշխանափոխության առաջին օրից սկսված, իսկ հետագայում նաև պարզվեց, որ վարչապետն ու իր թիմը ընդհանրապես տեսլական չունեն արտաքին քաղաքականության մեջ:
  4. Արցախի հարցում մանրամասնությունների կարիք չկա, քանի որ եթե պարզվի, որ Լավրովը ճիշտ էր, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է ուղղակի ուղարկել Իջևան:
  5. Թոշակների, աշխատավարձերի և նպաստների հարցում առայժմ էական աճ է արձանագրվել պաշտոնյաների և իշխանական թիմի համար: Պարգևավճարներ, որոնք ոչ մի բանի համար տրվում են պետական բյուջեից: Մարդը պարգևավճար կամ հավելավճար է ստանում, ու չգիտի թե ինչի համար:
  6. Երկու տարվա ընթացքում տնտեսության ապակենտրոնացում, ոլորտներում նոր դերակատարների ի հայտ գալ, կամ նոր ներդրումներ ուղակի չեղան, հետևաբար կլանային տնտեսության մասին մեղադրանքները ևս կեղծ էին ու անլուրջ:
  7. Նախկինների կողմից բանակը թալանելու, մարտական գործողությունները ձախողելու մասին Փաշինյանի երկարամյա աշխատանքը ևս ֆարս դուրս եկավ: Այս միֆը հոգեբանական մեծ վնաս էր հասցնում թե բանակին, թե նախկին իշխանություններին: Իշխանափոխությունից հետո շատ քիչ բան է փոխվել բանակում: Պաշտպանական քաղաքականության և սպառազինության առումով շարունակվում են նախկինում սկիզբ առած գործընթացները:
  8. Մարդու իրավունքների խախտումների և խոսքի ազատության մասին նախկին քննադատությունները իշխանափոխությունից հետո դարձել են բնորոշ հենց Փաշինյանին: Մասնագետների համաձայն՝ ներկայումս իրավունքների խախտումները նույնիսկ օրենքի մակարդակով են արվում, իսկ խոսքի ազատության սահմանափակումները՝ իշխանական ֆեյքերի մակարդակով: Ֆեյքային բանակն ամենաստոր վիրավորանքներով է արձագանքում իշխանությանը քննադատող ցանկացած խոսք: Կան հիմնավոր կասկածներ, որ դա արվում է պետբյուջեի միջոցների հաշվին:

Փաշինյանի ինքնահակասությունների շարքը բազմազան է: Այսօրվա հայտարարությունը մեկ շաբաթից կարող է բոլորովին այլ հայտարարության վերածվել:

Սա հակիրճ նկարագրությունն է մի քաղաքական գործչի, ով լրագրող-պատգամավոր-վարչապետ եռանկյունում խճճվել է, խճճելով նաև ամբողջ հասարակությանը: Քաղաքական կյանքում նման դեպքեր քիչ են պատահում: Դա հնարավոր է միայն գաղափարական ուղղվածություն չունեցող և քաղաքական սկզբունքներ չհետապնդող գործիչների մոտ, ովքեր կարող են 180 աստիճանով շեղվել նույնիսկ ամենասկզբունքային քաղաքական հարցերում: Իսկ արդյո՞ք այդ դեպքում հնարավոր է ստանալ քաղաքական դիմանկար: Ցավոք, ո՛չ: Նման գործիչները սովորաբար ցանկանում են ապրել հասարակության էմոցիաների հաշվին, իսկ հասարակությունը դա երկար չի հանդուրժում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Քաղաքական դիմանկարի փորձ՝ երկու տարի անցՆիկոլ Փաշինյան. լրագրող, քաղաքական գործիչ: Վաղ երիտասարդ տարիքում իր անձով ու…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Воскресенье, 3 мая 2020 г.