Գաջեթների էկրաններին երկար ժամանակ նայելը կարող է առաջացնել «անտեսանելի արևահարում»

Գաղտնիք չէ, որ թագավարակի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում մարդիկ չափից ավելի երկար են զբաղվում գաջեթներով, մինչդեռ հեռուստացույցի, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններին երկար ժամանակ նայելը կարող է վտանգել մարդկանց առողջությունը և առաջացնել «անտեսանելի արևահարում»։

Գաջեթների արձակած և բարձր էներգիայով օժտված լույսը (High Energy Visible light) մասնագետների հավաստմամբ, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափ վնասակար է: Այն կարող է ոչ միայն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման պատճառ դառնալ, այլև, վերջին հետազոտությունների համաձայն, քաղցկեղի առաջացման հանգեցնել։

Համավարակային պայմաններում, երբ մարդիկ օրական մոտ տասը ժամ անցկացնում են էկրանների առջև, բժիշկները խորհուրդ են տալիս պաշտպանիչ ակնոց կրել, մաշկի խնամքի պարագաներ օգտագործել և հնարավորինս հեռու նստել էկրաններից։

Մարդիկ գիտեն, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պետք է պաշտպանվել, և դրա համար ակնոց և գլխարկ են կրում, պաշտպանիչ քսուկներ օգտագործում: Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ  գաջեթների արձակած HEV ճառագայթներից պաշտպանվելը նույնպես և նույնչափ անհրաժեշտություն է։ (Գաջեթների կապույտ լույսը՝ HEV-ը (High-Energy Visible Light), օժտված է բարձր էներգիայով և համեմատվում է ուլտրամանուշակագույն A ճառագայթի հետ, որի վնասակարության մասին ավելորդ է խոսելը,-խմբ):

Գաջեթներից երկար ժամանակ օգտվողներին խորհուրդ է տրվում 20 րոպե օգտագործելուց հետո 20 վայրկյանով հայացքը կտրել էկրանից և նայել այլ ուղղությամբ: Քնելուց մեկ ժամ առաջ անհրաժեշտ է բացառել գաջեթների օգտագործումը: Չմոռանալ նաև մաշկի պաշտպանիչ միջոցների մասին, չէ՞ որ, ինչպես վերը նշեցինք, կապույտ էկրանը մաշկի վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Իսկ մաշկը վնասվելուց կպաշտպանեն հակաօքսիդանտ պարունակող քսուկները:

Բժիշկների հավաստմամբ, HEV-ը խոչընդոտում է մելատոնինի արտադրմանը, նպաստում է կորտիզոլ հորմոնի առաջացմանը, իսկ դա նշանակում է՝ խախտվում է մարմնի բնական «ժամացույցը», խաթարվում է քունը, առաջանում է անքնություն, քնի խանգարումներ: Բացի դրանից, գաջեթների օգտագործման ժամանակ անընդհատ գլուխը դեպի ներքև պահելը նպաստում է պարանոցի հատվածում կնճիռների ձեւավորմանը, կրկնակզակի առաջացմանը:

Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել մարմնի դիրքին: Ցանկալի է գաջեթ օգտագործել սեղանի շուրջ նստած, մեջքը ուղիղ պահած, իսկ գաջեթը՝ սեղանին դրված՝ 45 աստիճան անկյան տակ:

Արտասահմանյան մամուլի էջերից