Միլիոնավոր երեխաներ կարող են զրկվել պատվաստումներից համավարակի պատճառով. ՄԱԿ

Միլիոնավոր երեխաներ կարող են զրկվել պատվաստումներից COVID-19 համավարակի հետևանքով մատակարարման խափանումների պատճառով, նախազգուշացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում նշել են, որ տասնյակ երկրներ հայտնվել են կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերի պակասի վտանգի առջև:

«UNICEF-ը կոչ է անում աջակցել պատվաստանյութերի մատակարարման մասշտաբային ուշացումները շտկելուն, որոնք առաջացել են COVID-19 համավարակի աննախադեպ սահմանափակումների պատճառով, այդ թվում՝ որոշ երկրներում կարանտինով պայմանավորված»,- հայտարարել է հիմնադրամի մամուլի քարտուղար Մարիքսի Մերկադոն:

«UNICEF-ը դիմում է կառավարություններին, մասնավոր հատվածին, օդային ինդուստրիային և այլոց, որպեսզի վերջիններս ազատեն և տրամադրեն բեռնափոխադրման համար նախատեսված տարածությունն ընդունելի գնով փրկող պատվաստումների համար»,-նշել է նա:

Անցած տարի կազմակերպությունը նախազգուշացրել էր կարմրուկի բռնկման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստման ծրագրերի հետաձգման հետևանքով:

Անգամ նախքան պանդեմիան հիմնադրամը ներկայացրել էր տվյալներ, ըստ որոնց՝ ամեն տարի ավելի քան 20 մլն երեխա զրկվում է կարմրուկի դեմ պատվաստումի հնարավորությունից: