Մանկապղծության մեջ մերկացված ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների պաշտոնյաներն են կանգնած Լանզարոտի կոնվենցիայի ակունքներում

Մինչդեռ փաշինյանական իշխանությունը սկսել է հիշյալ կոնվենցիայի վավերացման գործընթաց

Հայաստանում պատրաստվում են հերթական քայլը կատարել մեր մանուկների ու դեռահասների հոգեբանությունը խեղելու, միտքը պղտորելու, նրանց իրենց տարիքին բնորոշ անմեղությունից զրկելու, առնվազն իրենց հասակակիցների և իրենց տարիքին մոտ գտնվող անձանց շրջանում սեռականի առնչությամբ ամոթի զգացումը ջնջելու, երեխաների շրջանում սեռական օրգանների և հարաբերությունների նկատմամբ վաղաժամ, իրենց տարիքին ոչ համապատասխան հետաքրքրություններ ու տարաբնույթ գայթակղություններ առաջացնելու, խոշոր հաշվով և հեռանկարում` մեր հասարակությանն այլասերելու ուղղությամբ: Նպատակը հենց դա՞ է, թե ոչ` այլ հարց է, բայց անժխտելի է, որ հետևանքն անխուսափելիորեն լինելու է այն, ինչի մասին վերը նշեցինք:

Այս անգամ, սակայն, նախատեսվող այդ քայլը ԶԼՄ-ներում մեծ քննադատության և հասարակական պարսավանքի արժանացած, վերջին հաշվով, մեծ տարածում չստացած, աշակերտներին չհասած կամ նրանց սոսկ չնչին մասին հասած «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքույկի նման մեկ այլ խայտառակ գրքույկի հրատարակում չէ, որը կարելի է անհամեմատ անվտանգ մի բան համարել Լանզարոտի կոնվենցիայի վավերացման համեմատ:

Փաշինյանական իշխանությունը սկսել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) Ազգային ժողովում վավերացնելու գործընթաց, որը պարտադիր բնույթ չունեցող ինչ-որ գրքույկ չէ, իրավական փաստաթուղթ է: Արտաքուստ անմեղ և բարի նպատակների մասին հուշող անվանմամբ Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված հիշյալ պարտավորվածության կատարումը նշանակում է մեր նաև տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև 8-րդ դասարան դեռ չհասած ու «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկան դեռ չանցած դեռահասներին դպրոցներում, թերևս նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ տեղեկացնել, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը:

Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակումներից մեկում, տարրական դասարանների աշակերտներին և մինչև 8-րդ դասարանի աշակերտներին վերոնշյալ տեղեկությունները տալով, նրանց շրջանում արթնացվելու կամ առաջացվելու է վաղաժամ (իրենց տարիքին չհամապատասխանող) և, բնականաբար, անառողջ հետաքրքրություն իրենց սեռական օրգանների, սեռականության, ինչպես նաև հետաքրքրություն ու ձգտում սեռական հարաբերությունների նկատմամբ, ինչն ինքնին գայթակղիչ է:

Վերոնշյալ հետաքրքրության առաջացմամբ խթանվելու են սեռական հարաբերություններ (հիմնականում կամավոր, առանց բռնության) իբրև բարի նպատակներով հենց այդ տեղեկությունները ստացած շատ դեռահասների, ներառյալ` նույնասեռ անձանց միջև, ինչը Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաև երեխաներին սեռական վաղաժամ և անթույլատրելի տեղեկություններ տվող արևմտյան բազմաթիվ երկրներում արդեն իսկ զանգվածային դրսևորում ունի: Այո՛, ինչպես Սատանայի, այնպես էլ նրա երկրային կամակատարների, ծառաների, վեցանոցների ձեռագիրը նույնն է` գայթակղելու միջոցով…

Ավելին. Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը կանաչ լույս է վառելու մի շարք, այսպես կոչված, ՀԿ-ների առջև` հենց վերը նշված նպատակներով և տարաբնույթ ծրագրերով դպրոցներ մտնելու և մեր երեխաներին հիշյալ հարցերում «լուսավորելու» համար: Դժվար չէ կանխատեսել, որ նրանք հիմնականում ԼԳԲՏ անձանց, այլասերվածների «իրավունքները» պաշտպանող և ընտանեկան բռնության դեմ իբր թե պայքարող ՀԿ-ներն են լինելու, որոնք եվրոպական, արևմտյան հայտնի կազմակերպություններից «գրանտներ» են ստանալու կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշվածն իրականություն դարձնելու համար պետությանն աջակցելու նպատակով:

«Լանզարոտի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան չի կարող դիտարկվել որպես վերացական, իրական զարգացումներից կտրված ձևական իրավական փաստաթուղթ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:- Այն բովանդակում է այնպիսի դրույթներ, հատկապես, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ մասով (6-րդ հոդված), որոնք մեր օրերում արդեն իսկ խիստ խեղաթյուրված ու անհարկի տարածական են ընկալվում դրա նախաձեռնողների ու համակիրների կողմից (հիշենք հանրության տրամադրությունները շոշափելու համար հրապարակ նետված «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շնորհանդեսը)՝ դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ: Այսպիսով, երեխաների իրազեկման պատրվակով, ոմանք, հենվելով երեխաների կրթությանը վերաբերող այս կոնվենցիայի ԽԻՍՏ ԱՆՈՐՈՇ ՆՈՐՄԵՐԻ վրա, անխուսափելիորեն փորձելու են մանուկներին հրամցնել այնպիսի նյութեր, որոնք ոչ թե կբարձրացնեն նրանց զգոնությունը, այլ կարթնացնեն անառողջ հետաքրքրասիրություն, ինչի արդյունքում ունքը դզելու փոխարեն աչքն ենք հանելու:

Կոնվենցիան՝ այդ բնույթի միջազգային փաստաթղթերին բնորոշ ոճով, բովանդակում է ծավալուն գրավիչ դրույթներ՝ երեխաների սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին: Ընդ որում, խոսքն այնպիսի դրույթների մասին է, որոնք անհրաժեշտ համամասնությամբ արդեն իսկ ամրագրված են հայրենական օրենսդրությամբ: Այդ տեսանկյունից այն մեզ համար որևէ իրավական արժեք չունի, և առնվազն համոզիչ չեն Կառավարության հիմնավորումների մեջ բերված այն պնդումները, թե կոնվենցիան հնարավորություն կտա վերափոխելու օրենսդրությունը, քանզի օրենք ընդունելու իրավասությունն արդեն իսկ վերապահված է խորհրդարանին, իսկ դրա համար հարկ չկա միջազգային պայմանագիր ընդունել:

Ավելի քան համոզված եմ, որ կոնվենցիայի դրույթները զուտ ձևական իրավական չափանիշներով դժվար կլինի ճանաչել Սահմանադրությանը հակասող, քանզի մեզանում դեռևս չի ձևավորվել խորքային հայեցակարգ՝ Սահմանադրությամբ ամրագրված երեխաների շահերի առաջնահերթության առնչությամբ։ Միակ ու մեծ մտահոգությունը միայն այն է, որ կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ: Պատահական չէ, որ հիմնավորումներում ակնարկ անգամ չկա կրթական համակարգի մասին, թեպետ՝ միակ նորույթը հենց դա է լինելու։

Ակնկալում ենք, որ այս բնույթի խիստ խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պատասխանատվությամբ կդրվեն լայն ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ, լսելի կդառնան առնվազն իրավագետների, հոգեբանների, սոցիոլոգների և մանկավարժների մասնագիտական կարծիքները։ Չի կարող հավատ ներշնչել այն միջազգային փաստաթուղթը, որի ակունքներում զարմանալիորեն կանգնած են ՄԱԿ֊-ի և այլ միջազգային կառույցների այն պաշտոնյաները, որոնց մեծ մասը հետագայում մերկացվել է մանկապղծության մեջ, սա շատ բան ասող պարադոքս է, կամ գուցե՝ օրինաչափություն։

Արդեն իսկ բազում նյութեր կան, որոնք վկայում են այդ կոնվենցիայի կիրառման ակնհայտ բացասական արձագանքների մասին անգամ Եվրոպայի երկրներում։ Բոլորն էլ գլխի են ընկել, որ դրանով երեխաներին չեն զինում, այլ ակամա խիստ խոցելի են դարձնում. պայքարեք մանկապիղծների ու դրանք ծնող պատճառների, վերջապես՝ այլասերվածության քարոզի դեմ, ոչ թե հույսներդ դրեք երեխաների հոգիները խռովելու և նրանց թիրախավորելու վրա, վերջապես մի հրապուրվեք մանկապղծութան մեջ կասկածվող անձանց երաշխավորելու գրավչությամբ… »:

Անդրադառնանք հարգարժան իրավագետի այն համոզվածությանը, որ «…կոնվենցիայի դրույթները զուտ ձևական իրավական չափանիշներով դժվար կլինի ճանաչել Սահմանադրությանը հակասող, քանզի մեզանում դեռևս չի ձևավորվել խորքային հայեցակարգ՝ Սահմանադրությամբ ամրագրված երեխաների շահերի առաջնահերթության առնչությամբ»:

Կարծում ենք, դժվար չէր Լանզարոտի կոնվենցիան հենց երեխաների շահերի առաջնահերթության կամ երեխայի լավագույն շահի պաշտպանության կարևորության, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին («Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»), ինչպես նաև 16-րդ հոդվածին («Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են») հակասելու տեսանկյունից հակասահմանադրական ճանաչելը, ինչը, ցավոք, չի արել ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ, հավանաբար գտնվելով արտաքին ճնշման տակ կամ Եվրոպայի խորհրդից, եվրոպական կազմակերպություններից ինչ-ինչ կախվածության մեջ: ՍԴ-ն մեր այս ենթադրությունն, իհարկե, կժխտի, բայց…

Փաստ է, որ Սահմանադրական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իր հիշյալ որոշման 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ կատարված ընդգծումը չի կարող հաշվի առնվել Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածում շարադրվածի իրականացման պարագայում, քանի որ սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկացնելը սկզբունքորեն չի կարող կատարվել, ինչպես ՍԴ-ի վերոնշյալ որոշման մեջ է նշված, «պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները, ինչպես նաև ապահովելով նրանց լավագույն շահի առաջնահերթ պաշտպանության նկատմամբ պետության արդյունավետ վերահսկողությունը` ի կատարումն պետության` մանկության հատուկ պաշտպանության սահմանադրական պարտականության»:

Ընդգծենք, որ Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածը հակասում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի, «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիշեցման, «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Բոլոր չափահաս անձիք պետք է անեն այն, ինչն ամենալավն է երեխայի համար:

Որոշում ընդունելիս չափահաս անձիք պետք է մտածեն, թե իրենց որոշումները ինչպես կազդեն երեխաների վրա: Դա հատկապես վերաբերում է բյուջեին, քաղաքականությանը և օրենսդրական նախաձեռնություններին»:

ՀՀ Ազգային ժողովի համար նույնպես դժվար չէ Լանզարոտի կոնվենցիայի դրույթները զուտ իրավական չափանիշներով Սահմանադրությանը հակասող համարելը և կոնվենցիան չվավերացնելը, այլ խնդիր է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի ունենա դրա ցանկությունն ու կամքը:

Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պարագայում ստեղծված իրավիճակից թերևս միակ ելքը կլինի այն, որ ծնողները դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին զանգվածաբար արգելեն իրենց մանկահասակ և դեռահաս երեխաներին հիշյալ տեղեկությունների փոխանցումը, իրենց երեխաներին արգելեն այդ նպատակով դասերին, պարապմունքներին մասնակցել, իսկ դպրոցների կողմից աշակերտների ու ծնողների նկատմամբ ինչ-ինչ քայլերի պարագայում դիմեն դատարան` վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի, «Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»: Ընդգծում ենք` ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են…

Արթուր Հովհաննիսյան