Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել, և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել Աշխատանքի օրվա առթիվ: Նախարարը մասնավորապես, գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։

Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։

Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների՝ մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։

Շնորհավոր Մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։