Մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում. առողջապահության փոխնախարար

Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող հիվանդները: Ի շնորհիվ նրա, որ լաբորատոր ցանցն ընդլայնվել է, մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ նպատակ ունեն օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 148 դեպք, որոնցից 977-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 բուժայցելու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 177 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:

Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն