Մոլդովայում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 1000 բուժաշխատող

Մոլդովայում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը մոտենում է հազարի, ինչը վարակվածների ընդհանուր թվի մեկ քառորդն է: Այդ մասին վկայում են Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները, գրում է Interfax.com-ը։

«Վերջին տվյալների համաձայն՝ Մոլդովայի բժշկական համակարգի 960 աշխատակից վարակված է COVID-19-ով։ Նրանց թվում են՝ 236 բժիշկ, 344 բուժքույր, 59 բուժակ, 15 դեղագործ, 306 օժանդակ անձնակազմ»,-նշում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախօրեին հաստատվել է Քիշնևի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Ռիշկանովկա հատվածի շտապօգնության կայանի աշխատակիցների վարակման ևս 19 դեպք։ Այդ կապակցությամբ որոշվել է փակել կայանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32-ի։ Շտապ օգնության կանչերը այս թաղամասում կսպասարկեն այլ թաղամասերի բրիգադներ:

Վերջին տվյալներով՝ Մոլդովայում հաստատվել է կորոնավիրուսի 3 897 դեպք, որից 116-ը՝ մահվան ելքով։