Արցախի «Արդարություն» կուսակցությունը խախտել է հավաքների անցկացման արգելանքը․ ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև՝

«Խախտվել է հավաքների անցկացման արգելանքը:

Այսօր՝ ապրիլի 30-ին, Արցախի «Արդարության» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ, խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրության առողջության պաշտպանության ապահովման նպատակով ԱՀ նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-N32-Ն հրամանագրով հաստատված հավելվածի 23-րդ կետով նախատեսված հավաքների ազատության սահմանափակման արգելանքը, Արցախի Հանրապետության «Վերածննդի» հրապարակում, Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց և «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի մոտ կազմակերպել և անց են կացրել հավաք:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»: