Այսօրվա ճգնաժամային իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է հողային ռեֆորմը. ԵԱՏՀ նախարար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի կարծիքով Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է սկսել հողային ռեֆորմներ՝ կորոնավիրուսային ճգնաժամի իրավիճակում: Քամալյանը այս մասին ասաց Երևան-Մոսկվա-Մինսկ առանց տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ոլորտներից մեկը, և պետք են բարեփոխումներ:

«Այսօրվա ճգնաժամային իրավիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար էականորեն, սկզբունքորեն կարևոր է սկսել հողային ռեֆորմը»,-ասաց նա ու նշեց՝ պետք է օգտագործել այն հողատարածքները, որոնք չեն մշակվում:

Նրա տեղեկություններով ՝ ՀՀ էկոնմիկայի նախարարությունը հիմա մշակում է հողային բարեփոխումների միջոցառումների փաթեթներ, թե ինչպիսի քայլեր պետք է  ձեռնարկեն, որպեսզի այս պայմաններում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացվեն,  այդ հողերը շրջանառության մեջ դրվեն: Նախարարն ընդգծեց, որ խնդիրը ոչ թե արտադրելն է, այլ վաճառելը: «Այս պայմաններում, երբ պահանջարկը, ժողովրդի եկամուտները նվազում են, գործազրկությունն աճում է, պետք են ինչ-որ  միջոցառումներ, որոնք  կխթանեն այդ պահանջարկը, և դա ցանկացած բիզնեսի, այդ թվում գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արտակ Քամալյանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Նա զբաղվում էր գյուղատնտեսության հարցերով: