Մահացել է «Բոբիի» դերասանը՝ Բոլիվուդի աստղ Ռիշի Կապուրը

Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում 67 տարեկանում մահացել է բոլիվուդյան ֆիլմերի աստղ Ռիշի Կապուրը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Հնդիկ դերասանի մահվան լուրը հայտնել է նրա եղբայրը՝ Ռանդհիր Կապուրը։ Հայտնի է, որ աստղը երկու տարի պայքարել է լեյկեմիայի դեմ։

Դերասանի ընտանիքը պատմել է, որ նա կյանքից հեռացել է խաղաղ՝ «շնորհակալ լինելով ամբողջ աշխարհից՝ իր երկրպագուների սիրո համար»։

Աստղի հարազատները, չնայած խոր վշտին, դերասանի երկրպագուներին հորդորել են հետևել երկրում կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինային ռեժիմին և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար դուրս չգալ տներից։

Ռիշի Կապուրը ծնվել է հանրահայտ ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի ընտանիքում։ Հայտնի է, որ Կապուրների ընտանիքում դերասան են եղել շատերը՝ պապը, հայրը, ավագ և կրտսեր եղբայրները։ Ռիշի Կապուրն իր ճանաչվածության գագաթնակետին է հասել 1970-ական թվականներին՝ «Իմ անունը ծաղրածու է», «Բոբի» ֆիլմերում կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարներով։ Դերասանը մինչև վերջերս ակտիվորեն նկարահանվել է «Քանի դեռ ողջ եմ», «Ասա ինձ, Աստված», «Ամեն ինչ լավ է», «Մարմին» և մի շարք այլ հանրահայտ ֆիլմերում։