Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 7 099 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը գերազանցել է 100 հազարը, մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7099-ով: Այս մասին հայտնել են  ՌԴ օպերատիվ շտաբից:

Նախորդ օրը մահացել է 101 մարդ, առողջացել է 1333-ը: Երկրի 85 մարզերում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106 498-ի (մեկ օրում 7,1 % աճ), մահացել է 1 073 մարդ, առողջացել է 11 619-ը:

Նոր վարակվածների գրեթե 40%-ը ախտանիշներ չունի: Ամենից շատ նոր հիվանդներ կան Մոսկվայում` 3 093, մերձմոսկովյան շրջանում` 793, Սանկտ Պետերբուրգում` 336:

Նշենք, որ նախօրեին գրանցվել էր վարակի 5841 և մահվան 108 դեպք:

Աշխարհում, ըստ վերջին տվյալների, 3 232 439 մարդ վարակված է, որոնցից 228 513-ը մահացել է, 1007 971 հիվանդ ապաքինվել է:

ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում զոհերի և հիվանդների թվով, որին հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան:

Ռուսաստանը զբաղեցնում է ութերորդ տեղը՝ անցնելով Իրանին և Չինաստանին: Իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին պահպանել անվտանգության բոլոր միջոցները, հանրային վայրերում պահպանել սոցիալական հեռավորությունը: