Թուրքիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 936 նոր դեպք

Թուրքիայում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից (Covid-19) մահացել է 89 մարդ։ Այս մասին «Թվիթերի» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 43 498 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 936 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 89 դեպք, ապաքինվել է 5․231 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս վարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 44 022 հիվանդ, իսկ 1 574 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 117 589 հաստատված դեպք և մահվան 3 081 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 991 613-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից: