Առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները ունենալու ենք վարակի դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները, ըստ որի՝ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 հիվանդ, մահացել է 2 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի: Նա հայտնեց նաև, որ 17 հիվանդ ծայրահեղ ծանր է, ծանր՝ 59։

«Իրադարձությունների զարգացման դեպքում կանցնենք թեթև սիմպտոմներ ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը և փորձելու ենք այդ օրը ձգել, քանի որ հետագա տարածմանն է բերելու»,-ասաց նախարարը:

Վարչապետը հարցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, թե արդյոք սա փոխում է իրենց պլանները, իսկ Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է:

«Դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռևս կարծում եմ, որ նման փոփոխությունների կարիք չկա»,-ասաց նա և նշեց, որ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ պարտադիր կանոնների պահպանմամբ բացվելու են, կրթական համակարգը փակ է լինելու, էական սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճանքի ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և խմբերով կանգնած մարդկանց է տեսել: «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահպանվում։ Եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա:

«Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ-երկու ամսում վարակը կհաղթահարվի, բայց սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար, որ ակնհայտ է, որ առնվազն մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը լինելու են դեպքեր, և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել»,-ասաց վարչապետը: