Ինչո՞վ են տարբերվել Թալիշում հայ ծերունու ականջները կտրողներից կամ Ռամիլ Սաֆարովից

Գավառ քաղաքում երեկ կատարվել է զարհուրելին. Գավառի Ազատության փողոցում, ճանապարհի երթևեկելի գոտում օրը ցերեկով կրակել են իրար վրա, փոխհրաձգություն, կրակահերթ կամ կրակահերթեր, տեղում երկու զոհ, բազմաթիվ վիրավորներ… Փոխհրաձգության, արյունահեղության այս տեսարանը հիշեցրել է սիցիլիական մաֆիաների միջև հաշվեհարդարի` գեղարվեստական ֆիլմերից հայտնի կադրերը:

Հասարակության հանդեպ առանձակի ցինիզմով աչքի ընկնող և շրջապատում գտնվող անմեղ կամ կողմնակի անձանց համար մեծ վտանգ ներկայացնող այսօրինակ հանցագործություններ կատարվել են նաև նախկին իշխանությունների օրոք` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից սկսած: Խորհրդային Հայաստանում էլ գուցե եղել են, բայց այնքան հազվադեպ, որ չկարողացանք որևէ օրինակ հիշել: Սակայն, ՀՀ-ում անցած 30 տարում կատարված նմանաբնույթ հանցագործություններից Գավառում երեկ կատարվածը երկու հատկանշական տարբերություն ունի, որոնք այն դարձնում են առավել զարհուրելի:

Դրանցից առաջինը փոխհրաձգությանը հաջորդած մի նոր հանցագործության ընթացքում ցուցաբերված առանձնակի դաժանությունն է: News.amտեղեկացմամբ, «Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել»։

«Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների եւ ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց եւ կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը»,- գրել է armlur.am:

ՀՀ քննչական կոմիտեի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ Գավառի հիվանդանոցի վրա հարձակված անձանց կողմից վիրավորների կամ տուժածների պարանոցները կտրելու հանգամանքը ժխտված, հերքված չէ, պարզապես նշված է. «Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը»:

Եվս մի մեջբերում պաշտոնական նույն տեղեկատվությունից.

«Պարզվել է նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի»:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության մեջ նշված չէ, կտրող-ծակող գործիքներով հարձակվելով Գավառի հիվանդանոցում գտնվող վիրավորների վրա և փորձելով սպանել նրանց, Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները նրանց այդ կտրող-ծակող գործիքներով ինչ վնասվածքներ են պատճառել և մարմնի որ մասերին:

«Այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր, նաև սալջարդ վերքեր, հրմշտոց,-  ըստ Armlur.am-ի հրապարակման, լրագրողների հետ զրույցում հայտնել է  Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։- Վիրավորների վիճակը նրանց գնալուց հետո էլ ծանր է եղել։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան։ Հիվանդասենյակում եղել է հիվանդն ու խնամողը»:

Այն, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին` ճի՞շտ է արդյոք, որ կտրել են տուժածների պարանոցը, ոչ թե «ոչ» պատասխանն է տվել, այլ ուղղակի հրաժարվել է պատասխանել, նույնպես հուշում է, որ վիրավորների պարանոցները կտրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Փորձենք հասկանալ, թե պարանոցներ կտրողներն ինչով են տարբերվում 2016-ի ապրիլյան քառօրյայի սկզբում Թալիշում անօգնական հայ ծերունու ականջները կտրած ադրբեջանցի զինվորներից կամ Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովից: Թեև ադրբեջանցի ոճրագործների արարքը որևէ արդարացում չունի, բայց բոլորն էլ գիտեն, որ նրանք ադրբեջանցի են և հարձակվել են հայերի վրա, մինչդեռ Գավառում «հայ» կոչվողը կամ կոչվողներն են կտրել անօգնական վիճակում գտնվող, իրեն պաշտպանել անկարող հայի վրա: Ահա թե ոմանք արյան վրեժից կուրացած, ինչպիսի դաժանություն են դրսևորել, այսպես կոչված, նոր Հայաստանում:

Առաջիկա հրապարակումներից մեկով կներկայացնենք Գավառում ապրիլի 28-ին կատարվածի նաև երկրորդ հատկանշական տարբերությունը նախկինում կատարված նմանաբնույթ հանցագործություններից:

Արթուր Հովհաննիսյան