Ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը, որն արդեն 20 տարուց ավելի պատիժ էր կրում բանտում, այսօր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննելով Ստեփան Գրիգորյանին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում կայացրեց վաղաժամկետ ազատ արձակել նրան:

Ե՛վ պրոբացիայի, և՛ քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել են դրական կարծիքներ։

Ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանի շահերը ներկայացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը 1997 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել էր մահապատժի, իսկ 2003 թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գրիգորյանին ներում էր շնորհվել և մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2017-ից ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը սպասում էր պայմանական վաղաժամկետ ազատմանը: