Գավառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածք ստացած որոշ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էին նախորդ օրը Գավառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված անձինք։

«Կան բազմաթիվ տուժածներ, որոնք այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ տարբեր բժշկական կենտրոններում: Ոմանց կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է առողջապահության նախարարը։

Հիշեցնենք՝ երեկ Գավառի ճանապարհին կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել են: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, ըստ նախնական տվյալների՝ հաշվեհարդար տեսնելու: Այնտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նրանց մուտքը կանխել հնարավոր չի եղել, որովհետև նրանք շատ են եղել և հարձակվել են տարբեր մուտքերից: Ըստ տարածված  տեղեկությունների՝ ներս մտածները դանակով կտրել էին կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձանց պարանոցները:

«Ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, մենք միասին եղել ենք դեպքի վայրում: Հիվանդանոցում եղել են այլ պաշտոնյաներ, բայց դեպքը կանխել չհաջողվեց: Խնդիրը քանակի մեջ էր, իրավիճակը կառավարումից դուրս է եկել: Հիմնականում Գավառի և Նորատուսի բնակիչներ են եղել»- ասել է  Սանոսյանը՝ չներկայացնելով  այլ մանրամասներ, պատճառաբանելով, թե իրավապահները կպարզեն: