Մոտ ապագայում ականատեսն ենք լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ մեր ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել

Ծնողները, որոնք այսօր դպրոցներում երեխաներ ունեն, և նրանք, որոնց երեխաները հետագայում պետք է դպրոց գնան, մոտ ապագայում ականատեսն են լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող պատկերացնել:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը շուտով քննարկելու է Լանզարոտի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու հարցը, և կասկածից դուրս է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովը նշված կոնվենցիան վավերացնելու է:

Լանզարոտում 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվեցիան (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) իր անվանումով այնքան անմեղ, անվտանգ, մինչև իսկ օգտակար և անհրաժեշտ է թվում, որ անտեղյակ մարդկանց Հայաստանում այս կոնվենցիայի ու դրա վավերացման դեմ ընդդիմացող, պայքարող, կոնվենցիայի վավերացումն անթույլատրելի համարող անձինք նույնիսկ կարող են թվալ երեխաների սեռական շահագործման և սեռական բռնությունների կողմնակիցներ: Իհարկե, դա բնավ այդպես չէ, որևէ նորմալ մարդ, առավել ևս` հայը, չի կարող կողմ լինել այդ աններելի հանցագործություններին: Բնականաբար, հարց կառաջանա` բա այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք, այդ թվում նաև` մենք, դեմ հիշյալ կոնվենցիային ու դրա վավերացմանը: Բացատրենք…

Կոնվենցիայի պաշտոնական խայտառակ թարգմանության 6-րդ հոդվածի («Երեխաների ուսուցումը») համաձայն,

«Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Սա նշանակում է, որ կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանը պարտավորված է լինելու ձեռնարկել և ձեռնարկելու է օրենսդրական կամ այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Ընդգծում ենք` նաև տարրական կրթություն ստանալու ժամանակ…

Հանրակրթական դպրոցներում «Սեռական դաստիարակություն» կամ, այսպես կոչված, «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ (առարկայի կամ միջոցի անվանումն այս դեպքում կարևոր չէ) մեր երեխաներին, նրանց թվում նաև` 6-12 տարեկաններին, մինչև 8-րդ դասարանում «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկայի դասավանդումը, տեղեկացնելու, բացատրելու, սովորեցնելու են (հնարավոր է նաև` պատկերներով, տեսանյութերով), թե իրենցից ինչ են ներկայացնում սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունը և սեռական բռնությունը, ինչ է կատարվում դրանից հետո, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը, դրանց հետ կապված ինչ վտանգներ կան, ինչպես պետք է պաշտպանեն իրենց՝ համաձայն իրենց կարողությունների, այսինքն` պաշտպանության ինչ միջոցներ կան: Ինչի՞ է հանգեցնելու սա, ո՞րն է սրա հետ կապված վտանգը:

Խնդիրն այն է, որ տարրական դասարանների աշակերտներին և մինչև 8-րդ դասարանի աշակերտներին վերոնշյալ տեղեկությունները տալով, նրանց շրջանում արթնացվելու կամ առաջացվելու է վաղաժամ (իրենց տարիքին չհամապատասխանող) և, բնականաբար, անառողջ հետաքրքրություն իրենց սեռական օրգանների, սեռականության, ինչպես նաև հետաքրքրություն ու ձգտում սեռական հարաբերությունների նկատմամբ, ինչն ինքնին գայթակղիչ է: Այդպիսով խթանվելու են սեռական հարաբերություններ (հիմնականում կամավոր, առանց բռնության) իբրև բարի նպատակներով հենց այդ տեղեկությունները ստացած շատ դեռահասների, ներառյալ` նույնասեռ անձանց միջև, ինչը Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաև երեխաներին սեռական վաղաժամ և անթույլատրելի տեղեկություններ տվող արևմտյան բազմաթիվ երկրներում արդեն իսկ զանգվածային դրսևորում ունի: Ինչպես Սատանայի, այնպես էլ նրա երկրային կամակատարների, ծառաների ձեռագիրը նույնն է` գայթակղելու միջոցով…

Երեխաներին վաղաժամ սեռական բնույթի տեղեկություններ տված բազմաթիվ երկրներում դեռահասների միջև սեռական հարաբերություններն այնպիսի զանգվածային բնույթ են ստացել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նոր կորոնավիրուսի համավարակի վտանգավոր հետևանքների առնչությամբ մոտ երկու շաբաթ առաջ զգուշացրեց` «Կա նաև վտանգը նրա, որ աղջիկները թողնեն դպրոցը, ինչը կհանգեցնի դեռահասների շրջանում հղիության դեպքերի աճի»: Ստացվում է, որ դպրոցն է նրանց ինչ-որ չափով զբաղեցնում, իսկ առանց դպրոցի, նրանք իրենց ուշադրությունը, հետաքրքրությունը տալու են, ժամանակը հատկացնելու են սեռական հարաբերություններին, ինչը հանգեցնելու է դեռահասների շրջանում հղիության դեպքերի աճի: Կարո՞ղ եք նման իրավիճակ պատկերացնել Հայաստանում հիմա, երբ դեռահաս զավակներ ունեցողներիդ երեխաները նույնպես դպրոց չեն գնում… Իհարկե՛ ոչ: Իսկ գիտեք ինչո՞ւ… Որովհետև նրանց միտքն ու հոգին բարի նպատակներ պատրվակելով, դեռ չեն հասցրել զանգվածաբար պղտորել ու պղծել:

Պատահական չէ, որ «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում սկսվում է ոչ թե, ասենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ, այլ 8 դասարանից: Դա ինչ-որ մեկի կամ մի քանիսի կողմից հենց այնպես, քմահաճաբար չի որոշվել, դրա ետևում գիտական լուրջ հիմք կա, փորձառու հոգեբաններ, մանկավարժներ, սոցիոլոգներ են աշխատել, հետազոտել են և որոշել, որ հաշվի առնելով երեխաների հոգեբանական ու մտավոր զարգացման մակարդակը, միայն այդ տարիքից կարելի է նրանց փոխանցել տվյալ առարկայով նախատեսված գիտելիքները, որոնք, ի դեպ, շատ անմեղ մի բան են թվալու այն ամենի հանդեպ, ինչը հիշյալ կոնվենցիայի վավերացումից հետո լցնելու են մեր երեխաների գլուխը:

Ավելին. «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից շատերը դեռ մտադիր են հասնել նաև ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որը լայն իրավունքներ է ապահովում ԼԳԲՏ անձանց, ընդհանրապես, այլասերվածների համար: Ներկայիս իշխանավորների մի մասը մտադիր է նաև հանրակրթական դպրոցներում «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ գենդերային հավասարություն քարոզել, գենդերային խտրականությունից զերծ սեռական դաստիարակություն տալ, սեռական փոքրամասնությունների, նրանց «իրավունքների», մասնավորապես` այլասերման քարոզի «իրավունքի» հանդեպ հանդուրժողականություն ձևավորել աշակերտների շրջանում, նրանց բացատրել բազմազանության կարևորությունը, ներառյալ` հոմոսեքսուալության, ըստ իրենց, կարևոր սեռականություն լինելը, սեռականության պատմություն և, անկախ անձի սեռական կողմնորոշումից, նրա հանդեպ խտրականության բացառում ուսուցանել…

Անդրադառնանք դարձյալ Լանզարոտի կոնվենցիային, մասնավորապես` կոնվենցիայի 18-րդ հոդվածին («Սեռական բռնություն»): Այն մեջբերում ենք ամբողջությամբ.

«1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քրեական պատասխանատվություն սահմանելու հետևյալ միտումնավոր գործողությունների համար,

ա)  սեռական բնույթի գործողություններով զբաղվելը երեխայի հետ, որր, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի նման գործողություններով զբաղվելու համար,

բ)  երեխայի հետ սեռական բնույթի գործողություններով զբաղվելը, երբ`

-կիրառվում են հարկադրանք, ուժ կամ սպառնալիքներ, կամ

-տեղ է գտնում երեխայի նկատմամբ ունեցած վստահության, իշխանության կամ ազդեցության չարաշահում, այդ թվում և ընտանիքի ներսում, կամ

-չարաշահվում է երեխայի առանձնապես անպաշտպան վիճակը, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում:

2. Վերը նշված 1-ին կետի նպատակներից ելնելով յուրաքանչյուր Կողմ պետք է սահմանի այն տարիքը, մինչև որը արգելվում է երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարել:
3. 1ա) կետի դրույթները չեն տարածվում անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ կատարվող սեռական բնույթի գործողությունների վրա»:

Ստացվում է, որ ըստ կոնվենցիայի 18-րդ հոդվածի, քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտություն չկա, երբ անչափահաս անձը, ասենք, 17 տարեկան, սեռական բնույթի գործողություններով է զբաղվել երեխայի հետ, որր, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի` նման գործողություններով զբաղվելու համար (կարող է լինել նույնիսկ, ասենք, 6 տարեկան), միայն թե քրեական պատասխանատվություն չսահմանելու համար նախապայման է անչափահասների միջև սեռական բնույթի գործողությունների` փոխադարձ համաձայնությամբ կատարված լինելու հանգամանքը: Ահա սա է Լանզարոտի կոնվենցիայի հեղինակների ու նրանց ետևում կանգնածների բարոյականությունը:

Լանզարոտի կոնվենցիան կոչված լինելով ապահովել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանություն, մյուս կողմից տեղիք է տալիս դեռահասների շրջանում վաղաժամ սեռական հարաբերությունների, և, րքան էլ տարօրինակ թվա, թերևս նաև խթանում երեխաների սեռական շահագործում և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնություններ:

Արթուր Հովհաննիսյան