Ռուսաստանում «Անմահ գունդ» ակցիան այս տարի կանցկացվի առցանց՝ կորոնավիրուսի պատճառով. «ՌԻԱ Նովոստի»

Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Անմահ գունդ» ակցիան այս տարի կանցկացվի առցանց: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Հաղթանակի կամավորներ» շարժման ղեկավար Օլգա Ամելչենկովան:

«Ակցիան տեղի կունենա առցանց՝ տեսանյութի միջոցով, որը կհեռարձակվի Մոսկվայի ավելի քան 200 լրատվամիջոցներով, OKKO առցանց կինոթատրոնում և «Ռուսաստանի անմահ գնդի պորտալում»»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Նա, ով ցանկանում է մասնակցել ակցիային, կարող է ռազմաճակատի հարազատների լուսանկարը ուղարկել գործընկեր կայքերից մեկին, հավելել է Ամելչենկովան: «Հաղթանակի կամավորները» կմշակեն այս բոլոր նկարները, իսկ մայիսի 9-ին դրանք կհայտնվեն էկրաններին:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Հաղթանակի շքերթը հետաձգելու մասին, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 9-ին, Կարմիր հրապարակում: Ինչպես շեշտել է նախագահը, պլանավորված բոլոր տոնակատարությունները, ներառյալ Հաղթանակի օրվա շքերթը և «Անմահ գնդի» երթը, այս տարի ավելի ուշ անպայման տեղի կունենան:

Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում COVID-19- ի դեպքերի թիվը գերազանցել է 87 հազարը, մահացել է 794 մարդ, բուժվել՝ 7346-ը: Մոսկվայում և շրջանների մեծ մասում կա համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: