Ռուսական T-14 «Արմատա» տանկը փորձարկվում է Սիրիայում մարտական պայմաններում

Ապրիլի 17-ին մենք արդեն տեղեկացրել էինք Հայաստանի քաղաքացիներին, թե ինչպես է Թուրքիայում ապրիլին աճել խուճապը, երբ հայտնի դարձավ, որ ռուսական «Սարատով» նավը անցել է Բոսֆորի նեղուցով դեպի Սիրիա՝ տեղափոխելով տասնյակ միավոր զրահատեխնիկա: Մեր եզրակացությամբ, Սիրիան և նրա դաշնակիցները պատրաստվում են լուրջ իրադարձությունների Հյուսիսային Սիրիայում, հնարավոր է, ամբողջ տարածաշրջանում: Բայց երբ մենք դա հայտնում էինք, չէինք սպասում, որ Ռուսաստանը լուրջ ռիսկեր և հզոր քայլեր է ձեռնարկում: Չնայած դեռ 2015-ին, երբ Ռուսաստանը նոր էր սկսում լրջորեն միջամտել Սիրիայի պատերազմին, պարզ էր, որ Մոսկվան ժամանակն օգտագործելու է առավելագույն օգուտով. մասնավորապես, փորձարկելու է իր նորագույն զենքերն ու սարքավորումները: Այնուամենայնիվ, այն, ինչ հաղորդել են ռուսական և սիրիական լրատվամիջոցները ապրիլի 19-ին, հազիվ թե որևէ մեկը կարող էր սպասել…

Խոսքը կրկին գնում է ռուսական զրահատեխնիկայի մասին: Դեռ 2017 թվականից հայտնի է, որ Ռուսաստանը Սիրիա է տեղակայել նորագույն T-90 տանկերի որոշակի քանակություն: Եվ որ Т-90 տանկերն իրենց գերազանց են դրսևորել Սիրիայում: Ի դեպ, սիրիական լրատվամիջոցներում շատ են հրապարակումները այն մասին, որ սիրիական տանկիստները, որոնք հիմնականում կռվում էին T-72 տանկերի վրա, նախանձով էին խոսում այն անձնակազմերի մասին, որոնց վստահված էին T-90 տանկերը: Սիրիացի տանկիստները պարզապես երազում են վերազինվել և անցնել T-90 տանկերի. այդքան տպավորված են այս տանկի մարտական ​​հատկանիշներով: Եվ ահա, գրեթե սենսացիա: Ինչպես «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ ռուսական զինուժը Սիրիայում փորձարկել է գերժամանակակից Т-14 «Արմատա» տանկը:

Մենք ուզում ենք հատուկ շեշտել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել այդ տանկերի փորձարկումների մասին արտասահմանում և, մասնավորապես, Սիրիայում: Հնարավոր է՝ առայժմ նույնիսկ չեն էլ հաղորդելու: Սակայն Մանտուրովը հաստատել է փորձարկումների վերաբերյալ տեղեկությունները. «Այո, ճիշտ է… նրանք եղել են Սիրիայում: Այս տանկերը ուղարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետություն, որպեսզի բացահայտվեն բոլոր խնդիրները անմիջապես մարտական ​​պայմաններում: Մարտական ​​մեքենայի նման փորձարկումները նպաստում են տանկի վերջնական տեսքի ձևավորմանը»: Նա նաև հստակեցրել է, որ «Արմատան» ռուսական բանակին կմատակարարվի միայն 2021 թվին: Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Т-14 տանկը թանկ մեքենա է: «Այն  թանկ է նաև նրանով, որ դեռ անցնում է լրացուցիչ թեստեր, արդիականացման փուլ: Իհարկե, արտադրության և մատակարարման ավելացումով՝ գինը նվազելու է»,- մեջբերելով  Մանտուրովի խոսքերը՝ հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այժմ Սիրիայում ակտիվ բախումներ են տեղի ունենում, հիմնականում այս երկրի հյուսիսում: Այսինքն՝ թուրքերը, սկզբունքորեն, հնարավորություն ունեն «բախվել» «Արմատա» տանկերի հետ ուղղակիորեն մարտի դաշտում: Եվ եթե ոչ թուրքական զորքերը, ապա թուրքամետ խմբավորումների ահաբեկիչները հաստատ զգացել են T-14 տանկերի հարվածների ուժը: Թե կոնկրետ երբ են «Արմատա» տանկերը Ռուսաստանից տեղափոխվել Սիրիա, մենք, իհարկե, դժվար թե հիմա իմանանք: Այդ տանկի մասին չենք խոսի. համացանցում հանրամատչելի տեղեկատվությունը շատ է, միայն հիշեցենք, որ Ռուսաստանն ինքն առաջին անգամ ցուցադրել է «Արմատա» տանկը միայն 2015 թ.` Մոսկվայում, մայիսի 9-ի Հաղթանակի շքերթում։ Սա հաստատ պատահական չէ. T-14 տանկերի հայտնվելը «հասարակության մեջ» և Ռուսաստանի մուտքը սիրիական պատերազմ, պաշտոնապես թվագրվում են նույն 2015 թվականին: Բայց Թուրքիայի խուճապի աստիճանը կարելի է պատկերացնել: Ի դեպ, Մանտուրովը նաև հայտնել է, որ արտասահմանից արդեն կան հայտեր T-14 «Արմատա» տանկերի զանգվածային գնումների համար: Այնուամենայնիվ, Ռուսաստանը որևէ տեղ չի շտապում, և առայժմ ոչ ոք համաձայնություն չի ստանա: Համենայն դեպս, մինչև Ռուսաստանի Դաշնությունն ինքն ունենա նոր տանկի էլ ավելի կատարյալ մոդելը: Իսկապես, օրինակ, Ս-300 ԶՀՀ Ռուսաստանն սկսել է վաճառել արտերկրում միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի հակաօդային / հակահրթիռային պաշտպանության ուժերը անցան Ս-400 ԶՀՀ-երի, իսկ Ս-400 ԶՀՀ-րը՝ Ս-500 ԶՀՀ-րի անցնելուց հետո: Զրահատեխնիկայի ոլորտում Մոսկվան աշխատելու է նույն տրամաբանությամբ։

Սերգեյ Շաքարյանց