Անմեղսունակ ուժերին շուտով կփոխարինեն ազգային գաղափարախոսությամբ համախմբված քաղաքական ուժեր (տեսանյութ)

«Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։

Երկու տարի առաջ այս օրերին հիշում ենք, թե ինչ էր կատարվում մեր երկրում, մարդիկ դուրս էին եկել փողոց և պահանջում էին նախկին իշխանությունների հրաժարականը՝ մեծածավալ փոփոխությունների ակնկալիքով: Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Խաչատուր Մարոզյանի հետ վերլուծեցինք, թե երկու տարի հետո որքանո՞վ արդարացան ժողովրդի ակնկալած հեղափոխական սպասելիքները, և այսօրվա իշխանությունները որքանո՞վ կարողացան իրագործել հեղափոխական հարթակներից հնչեցրած խոստումները: Ժողովրդակա՞ն, իրավակա՞ն պետություն է այժմ Հայաստանը, թե պոպուլիստական միահեծան բռնապետություն, որը քողարկվում է ժողովրդավարության անվան տակ:

Խաչատուր Մարոզյանն ասաց, որ առողջ, դատող, վերլուծող և իսկապես համակարգային փոփոխություններ ակնակալող հասարակության սպասելիքներն այդպես էլ չարդարացան, իշխանությունների խոստումները, թե դատական համակարգը կբարեփոխվի, թե նախկինում թալանվածը կվերադարձվի ժողովրդին, թե Սահմանադրությունը կփոխվի և երկրում կառավարման համակարգը ևս, կվերականգնվի սոցիալական արդարությունը, կվերանան մենաշնորհներն ու օլիգարխիան, զուտ պոպուլիստական հայտարարություններ էին։ Այս իշխանություններն անկարող են որևէ բարեփոխում իրականացնել, հետևապես պետք է հեռանան և իրենց տեղը զիջեն ազգային գաղափարախոսությամբ, բոլորին միաբանող և հզոր պետություն կառուցելու ճանապարհները գիտակցող քաղաքական ուժին։

Մանրամասները՝ տեսանյութում