2019թ. Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում. SIPRI-ն արձանագրել է վերջին տասնամյակում աշխարհում ռազմական ծախսերի խոշորագույն աճը

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ 2019թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ վերջին տասնամյակում խոշորագույն աճ՝ կազմելով 1,917 տրլն դոլար:

Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4 տոկոսն ու ավելին: Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում, մինչդեռ Ադրբեջանը 4 տոկոս ցուցանիշով 9-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա զեկույցում մեր երկրի ռազմական բյուջեն կազմել էր ՀՆԱ-ի 4.8 տոկոսը՝ 609 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, 2018թ. համեմատ աշխարհում ռազմական ծախսերն աճել են 3.6 տոկոսով, ինչը 2010թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Զեկույցի համաձայն՝ նախորդ տարում սպառազինման վրա առավել շատ քանակությամբ գումար ծախսած երկրների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Սաուդյան Արաբիա: Այս երկրներին բաժին է հասել ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 62 տոկոսը:

Ըստ մասնագետների՝ 2019թ. աշխարհում ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2 տոկոսը:

ԱՄՆ-ն ռազմական ծախսերն ավելացրել է 5.3 տոկոսով (732 մլրդ դոլար), Չինաստանինը՝ 5.1 տոկոսով (261 մլրդ դոլար), Հնդկաստանինը՝ 6.8 տոկոսով (71.1 մլրդ դոլար), Ռուսաստանինը՝ 4.5 տոկոսով (65.1 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայինը նվազել է 16 տոկոսով (61.9 մլրդ դոլար):

Մինչդեռ Եվրոպայի տարածքում ռազմական ծախսերի առումով առաջատարը Ֆրանսիան է՝ 50.1 մլրդ դոլար:

Թուրքիայի ռազմական ծախսերն անցած տարի կազմել են 20.4, Իրանինը՝ 12.6 մլրդ դոլար: