Ռուսաստանը Չինաստանին շրջանցեց կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով. ՏԱՍՍ

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրի բոլոր մարզերում անցած օրվա ընթացքում աճել է 6 198-ով և այժմ կազմում է 87 147 մարդ: Այսպիսով, Ռուսաստանը շրջանցեց Չինաստանին`կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով, որտեղ հաստատված դեպքերի թիվը 84,5 հազար է: Այս մասին են վկայում երկուշաբթի նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբի տվյալները:

«Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 87147 դեպք: Անցած օրվա ընթացքում առողջանալուց հետո դուրս է գրվել 579 մարդ, իսկ համավարակի ամբողջ ժամանակահատվածում՝ 7346 մարդ: Օրական մահանում է կորոնավիրուսով վարակված 50 հիվանդ: Այս ընթացքում Ռուսաստանում մահացել է 794 մարդ»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր վարակվածներից 2 693-ը (43,4%) ախտանիշներ չունեն:

Շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի ամենօրյա աճը դանդաղել է՝ հասնելով 7,66% -ի, իսկ Մոսկվայում ՝ 6,76% -ի:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը