Հայաստան-Արցախը մինչև Սերժ Սարգսյանն ու Իրենից հետո

1997 -1998 թթ.՝ Հաղթանակած Արցախի պետականության հիմքերն ամուր դրած Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքը վերցրեց ՀՀ ղեկը՝ Տեր-Պետրոսյանական ձախողումները՝ Սահամանդրական կարգի տապալումը, ծանրագույն սոցիալ-տնտեսական դրությունն, արտաքին պարտվողական քաղաքականությունը, Լիսաբոնի ամոթալի գագաթաժողովը, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» կոնցեպտը վերջնականապես ավարտվեցին նրա հրաժարականով․ շուրջ մեկ տարի պատրաստելով իր հեռանալն՝ Առաջին Նախագահն ի վերջո գնաց։ «Իշխանության՝ ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ …»՝ ահա նրա՝ որպես Նախագահ, վերջին ելույթի առաջին խոսքերը։ Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ մտքում ամեն գնով վերադարձը կանխորոշելով, վստահ լինելով՝ Քոչարյանը չի դիմանա։

Ոչ միայն նա, ոչ ոք վստահ չէր՝ հողերը հնարավոր կլինի պահել, բառի բուն իմաստով փլատակների վերածված երկիրը հնարավոր կլինի ոտքի կանգնեցնել, աշխարհասփյուռ հայության էներգիան դնել ստեղծարար հունի մեջ, սակայն Քոչարյանը հաջողեց՝ ի հեճուկս Տեր-Պետրոսյանի կանխատեսումների՝ և՛ «Սերգոն լավ ապրեց», և՛ Արցախը մերն է դեռ, և՛ Սփյուռքը լծվեց հայրենիքի շենացմանը։ Այս իմաստով հատկապես էական էր 1999 թվականին Երևանում կայացած Հայաստան -Սփյուռք առաջին խորհրդաժողովը, որը դեռ մեծագույն ներդրում պետք է ունենար քոչարյանական Հայաստանի կյանքում։

Ռոբերտ Քոչարյանը, չլինելով իշխանատենչ անհատ, չցանկանալով մասնակիցը դառնալ ներքաղաքական ինտրիգների, վստահ լինելով՝ վերջին քսան տարին ամենօրյա ռեժիմով ծառայել է Հայոց Պետականության կայացման ու զարգացման կարևորագույն գործին ու հայ ժողովրդին և չկասկածելով, որ թողնում է դինամիկ զարգացող, արդեն կայացած ու ուժեղ պետություն, հեռացավ իրապես վաստակած հանգստի, հեռացավ՝ որպես հայկական երկու պետականությունների հիմքերը սեփական ձեռքերով դրած Նախագահ, որպես հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար, որպես առաջնորդ, ով մթի ու ցրտի մեջ պարուրված Հայաստան բերեց լույս ու ջերմություն, առաջնորդ, ով քաղաքացուն տվեց աշխատանք, ոչ թե աշխատանքի խոստում, ով օտար ու յուրային չզանազանեց, այլ հռչակեց՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», ով սեփական անհաջողությունների մեջ երբեք չմեղադրեց «նախկիններին», թեև ամենից շատ հենց ինքն ուներ դրա պատճառները, ու լծվեց արժանապատիվ քաղաքացու ուժեղ պետության կայացման գործին՝ առանց ներկա- նախկին տարանջատման, հետապնդումների իրականացման, ատելության սերմանման։

Հենց քոչարյանական տարիներին Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ ամբիոններից հանդես եկավ Հայոց Ցեղասպանության դատապարտման ու միջազգային ճանաչման պահանջատիրությամբ, հենց նա կտրուկ մերժեց Էրդողանին, երբ խոսքը Մեծ Եղեռնի քաղաքական սակարկմանն էր վերաբերում, հենց այդ տարիներին փաստվեց՝ Արցախի հարցում մեր զիջման վերջին կետն արցախ-ադրբեջանական ներկա սահմանն է, հենց այդ տարիներին Հայաստանը գրանցեց ներգաղթ, իսկ միջազգային պարբերականները զարգացման աննախադեպ տեմպերի համար Հայաստանը սկսեցին անվանել «Կովկասյան Վագր»…։

Հայր ու որդի Ալիևներին չէին օգնում նույնիսկ միլիարդավոր նավթադոլլարները․ մեկ է՝ Հռոմի Պապը Գարեգին Երկրորդի հետ Ծիծեռնակաբերդում Շառլ Ազնավուրին էր ունկնդրում, ԱՄՆ Նախագահներից մինչև ՌԴ Նախագահ, Եվրոպայի ու աշխարհի ղեկավարները մեծագույն հարգանք էին տածում ՀՀ ղեկավարի նկատմամբ. փաստ է՝ պետությանը վերաբերում են այնպես, ինչպես նրա ղեկավարին։ Համաձայնեք՝ անհնար է պատկերացնել՝ Քոչարյանը մեկներ Նահանգներ ու հանդիպեր լոկ ինչ-որ փոխնահանգապետի հետ կամ Պուտինի ավտոշարասյան հետևից վազեր ականջին մի երկու բառ շշնջալու համար, իսկ Լուկաշենկոն հորդորեր «լեզուն մի տեղը մտցնել» … Հնարավոր չէ նաև պատկերացնել՝ Քոչարյանն օրինակ՝ ՄԱԿ ամբիոնն օգտագործեր «հպարտ քաղաքացու հեղափոխության» մասին միֆերով աշխարհից փող մուրալու համար․ նա աշխարհի առջև բացճակատ հայտնում էր՝ հպարտ է, որ մասնակցել է Արցախյան ռազմական գործողություններին ու հպարտ է այսօր ունեցած արդյունքով …

Անչափ բարդ է ներկայացնել Քոչարյանի բոլոր ձեռքբերումներն, ինչևէ, մեկ-երկու ամիս էր մնացել Պետականակերտը հեռանա դափնեպսակը գլխին, վառ՝ մարդկանց հիշողություններում, սակայն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններում պարտվելով Սերժ Սարգսյանին, Ազատության հրապարակը վերածեց համակենտրոնացման ճամբար հիշեցնող պետականասպանության մի թատերաբեմի, ու հայտարարելով «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», ներկայիս վարչապետի հետ մահվան տարավ տասը քաղաքացու, հետո հայտնեց՝ դա իր ժողովուրդը չէ, ապա հեռախոսով Ալեքսանդր Արզումանյանին խոստովանեց՝ ամեն ինչ իրականում լավ է։ Ամբոխը վիրավորներով լցրեց Երևանի հիվանդանոցներն ու այրեց, թալանեց քաղաքը … Նորից խոսեց ֆենոմենը Քոչարյանի՝ սառնասիրտ, շրջահայաց, պետականաձիգ կեցվածքը թույլ չտվեց սահմանադրական կարգի տապալման փորձն իրականանություն դառնա. դե ինչ՝ թե գալը հերոսացված է, հեռացումն էլ հերոսավայել պիտի լիներ։

Հեռացա՛վ Նախագահը, հեռացավ ու հենց այդ պահից մեկնարկեց ատելության գեներացումը նրա նկատմամբ, թափանիվն օրեցօր ու տարեցտարի միայն թափ էր հավաքում՝ մարդկանց գլուխը մեկ ստով էր միայն ներարկվում՝ «սպանե՛լ է, թալանե՛լ է»՝ ամեն գնով պետք էր դեմոնիզացնել նրան, ով Արցախ էր շահել, Հայաստան զարգացրել, կառուցել ու շենացրել …

Շատ կուզեի՝ հարյուր անգամ ասված սուտը միևնույն է մնար հարյուր անգամ ասված սուտ, մինչդեռ անընդմեջ ու ամենուր նրան մեղադրելը դարձավ, կարծես, արժանահավատ միֆ, իսկ ինքը, ով ի տարբերություն Տեր- Պետրոսյանի, իր ժողովրդին էր իր կուսակցությունը համարում, վերստին պնդում էր՝ «Ժողովուրդը չի՛ մոռանա»…

Վրա հասավ 2018 թվի՝ ինչպես հետո պիտի երևար, Հայաստանի համար ծանրագույն գարունը․ դեռ երկու տարի առաջ սեփական որդոց արյամբ պետականապահպան հայ ժողովուրդը, կարծես, մի մոգական ու դիվային բթացմամբ, փողոցն ընկավ՝ ավելի լավ կյանքի հավատով ու հույսով. Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ իր թերություններն ուներ՝ աշխարհում չի եղել ու չկա իշխանություն, որին անհնար լինի քննադատել։ Սակայն կարևորագույն այս պահին ՀՀ քաղաքացին մոռացավ հայտնի ճշմարտությունը՝ իշխանությունը ստեղծված չէ պետությունը դրախտի վերածելու համար, այն ստեղծված է, որ դժողքի չվերածվի պետությունն, ու Հայաստանի ղեկին չցանկացավ այլևս տեսնել Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան Քառօրյայի բովով անցած Նախագահին՝ տուրք տալով Արցախյան ազատամարտից խուսափած, իսկ Ապրիլյան Քառօրյային մայիս -հունիսին մասնակցած ամբոխահաճո դասալիքին …

… Փաշինյանը եկավ՝ «անցյալից հարուստ դասեր քաղած»։ Ու՞մ էր դրվատում Վազգեն Սարգսյանն ու համարում Հայաստան -Արցախի խորհրդանիշ, ո՞վ վիժեցրեց իր ու Տեր-Պետրոսյանի ապազգային ու հակապետական պլանները տասը տարի առաջ, քսան տարի առաջ, ո՞վ կարող էր վճռորոշ պահին գորդյան հանգույցի օրինակով կտրել պետականության պարանոցին փաթաթված ցանկացած թնջուկ, ո՞վ ուներ բավականաչափ հեղինակություն ու կամք պատեհ պահին համախմբելու ներքին ուժերն ու արտաքին աշխարհում հանդես գալ հաղթողի դիրքերից՝ Քոչարյա՛նը … Մեկտեղելով անձնական քինախնդրությունն ու քաղաքական շահը, բնույթով լինելով կենտրոնախույս՝ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Հայաստանի քոչարյանազերծմանը, քանզի միայն այդ պարագայում կարող էր իրականացնել իր իշխանության փայատեր-հովանավորների կամքն ու հագուրդ տալ սեփական ստոր ցանկություններին։ Քոչարյանը հրավիրվեց որպես վկա հարցաքննության։ Կարծում եմ՝ հավերժ փախչողի սեփական օրինակը հաշվի առնելով՝ Փաշինյանը վստահ էր՝ չի՛ գա, կվախենա՛, ներքին օղակներով էլ հասցրել էին՝ թե գա, կկալանավորեն, ինքն էլ հպարտ ու զիլ դեմքով կհայտարարի՝ «հերոսը ե՛ս եմ, ձեր հերոսն ինձնից վախենում է» ու կլուծի բոլոր հարցերը մեկ հարվածով։

Խաբվե՛ց՝ խա՛կ էր, ինքնավստա՛հ. զուր չեն ասում՝ այնտեղ, որտեղ փրկում է վստահությունը, կործանում է ինքնավստահությունը։ 2018թ. հուլիսի 26 ֊ ին ավարտվեց «Թավշյա Հեղափոխությունը»՝ Քոչարյանը ներակայացավ ՀՔԾ, ապա հերոսավայել հայտարարեց՝ պետք լինի, կգնա, կնստի, կպայքարի մինչև վերջ՝ իր մեջքը թուրքը չի տեսել, ումի՞ց պիտի փախչի։

Անցել է շուրջ երկու տարի, Պետականակերտը պետականակործան ձեռամբ շղթայված է դեռ. իրավաբաններն ասում են՝ քաղբանտարկյալ է, քաղաքագետները՝ պատանդ համարում, ակնհայտ է՝ Կառավարական ամառանոցում մի վախ է թևածում՝ Քոչարյանն է՝ մղձավանջը փաշինյանական։ Օրե՛նք, իրավու՛նք, համաճարա՛կ, դատարա՛ն, աշխա՛րհ՝ թքա՛ծ՝ միայն թե Քոչարյանն ազատ չլինի, միայն թե առնի բաղձալի վրեժն, իրականացնի ծրագիրն իր վրա դրված …

Փաստ է՝ Փաշինյանն այլևս անկարող է լեցուն հրապարակներում տապալել սահմանադրական կարգն, ինչպես 2018թ. հոկտեմբերի 2-ին գրոհեց ԱԺ, ինչպես շրջափակվեցին դատարանները … Նա շարունակ խոնարհվում է, համբուրում է, բայց խելապատառ ամբոխը խելքի եկած ժողովուրդ է վերստին դառնում, տեսնում է՝ արագաչափը դեռ կանգուն է, դեռ գծված է գիծը կարմիր, կենսաթոշակի համար աշխատավարձից դեռ պահում են, իսկ Փաշինյանը գոհ է թե՛ ԵԱՏՄ -ից և թե՛ ՀԱՊԿ -ից … «Հպարտ քաղաքացին» այլևս թմբիրից դուրս է՝ չի հասկանում համաճարակը վտանգավո՞ր, թե՞ «ու՞մ շունն է», վարակից մեռնու՞մ են, թե՞ «օղի ֊ պինցետով» բուժվում, վերջապես չգիտի՝ ՍԴ-֊ն ու Հրայրը Թովմասյանն այդ ի՞նչ չեն արել կամ ի՞նչ են արել, որ պետք է իր՝ խոստացված, բայց չթեթևացված հարկերի հաշվին նորից հանրաքվե արվի կամ ինչու՞ օրինակ՝ Վեհափառ Հայրապետը լավն է, երբ Փաշինյանի կնոջ հիմնադրամին գումար է փոխանցում ու վատը, երբ մարդասիրական իր պարտքն է կատարում՝ միջնորդելով Քոչարյանի ազատության համար, ուզում է «Հպարտ Քաղաքացին» տարբերությունը տեսնել օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի միջև, «Հաց բերողին» կալանավորած ու իր «սրտի դատախազ»Արթուր Դավթյանի միջև, ընտրությունները մշտապես կեղծող, բայց այժմ արդեն թավշյա Տիգրան Մուկուչյանի միջև …, վերջապես երկու տարի է՝ նայու՜մ ու նայու՜մ է «Հպարտ Քաղաքացին» յուր վարչապետին ու չի կարողանում ճանաչել պատգամավոր Փաշինյանին …

«Հպա՛րտ Քաղաքացի՛», երկու տարի է հայհոյում ես ինձ, թույն ու մաղձ անընդմեջ թափում, բայց գեթ մեկ անգամ ու որևէ մեկիդ հանդեպ փոխադարձ չեմ եղել ես՝ վերևից նայողին այդ ամենը փոքր է երևում, նաև դեմ եմ, երբ քեզ ոչխար կամ զոմբի են կոչում, թեպետ իրավ են հաճախ՝ հայհոյում ես դիմացինիդ հանուն ոչնչի ու նրա համար, ով քաջորդիներիդ «հանուն ոչնչի» զոհված է համարում, իսկ տունդ պաշտպանելու համար «նախկինների»  ձեռք բերած զենքերից զարդեր է պատրաստել ուզում նա, ով հերոսիդ կացնահարածին հերոսացրածի կնոջը նույն «մերժված  Սերժի» կազմակերպմամբ ազատագրված Շուշիում թեյ խմելու է հրավիրում …

«Հպա՛րտ քաղաքացի», հիշի՛ր Փաշինյանի՝ Արցախի շուրջ բոլոր հայտարարությունները, հիմա հասկանու՞մ ես՝ բոլորն իրարամերժ են, հակասական, ախր չի կարող օրինակ՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» միտքը համարժեք լինել «Արցախի խնդրի կարգավորումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի» մտքին, թե խաբվել ես, քարը փեշիցդ թափի՛ր, համաձայնի՛ր՝ կշեռքի նժարին հայրերիդ արյամբ շահած պետությունն է, իսկ դու դեռ հավատում ես զուր, սուտ ու դատարկ հույսեր ես պահում, մինչդեռ քաղաքացի ես կոչվում նախևառաջ, քանզի պատասխանատու պիտի լինես պետությանդ համար, որ ինչ-որ մեկը չգա ասի՝ էլ ստրու՜կ չես, հպա՜րտ ես արդեն, դու էլ կուրորեն հավատաս, այլ գիտակցես՝ հպարտ ես, քանի հաղթող ես, ստրուկ չես, քանի հաղթանակդ է երաշխիքն անկախ պետության, վերջապես Քոչարյանի շղթայված ձեռքերը կամ Սերժ Սարգսյանի մեղադրյալի կարգավիճակը կերակրու՞մ են քեզ, սահմաններդ են ամուր պահու՞մ, ավա՜ղ, պարգևավճարվողը պարգևավճարվում է, իսկ դու սուտ հույսով ես միայն սնվում …

Հասարակության սոցիալ- տնտեսական, բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը համաշխարհային ճգնաժամի այս օրերին կենսականի սահմանագծին է, բացի այդ արդեն ակնհայտ է՝ Փաշինյանը գլխովին տապալել է Արցախյան բանակցությունները. Լավրովի սթափեցնող հայտարարություններից հետո արդեն Ադրբեջանն է հորդորում իրեն անկեղծորեն ասել հայ հանրությանն՝ ինչի շուրջ է բանակցում իրականում։ Մինչդեռ Փաշինյանը, հայտարարելով սկսում է «իր զրոյական կետից», փակել է Ապրիլյան Քառօրյայի արյամբ ու Սերժ Սարգսյանի դիվանագիտության արդյունքում Վիեննայում, Ժնևում ու Պետերբուրգում ձեռք բերված վերջին հաջողությունների էջն ու ըստ էության՝ վերադարձել է կարգավորման փուլային՝ տեր-պետրոսյանական պարտվողական դիրքերին։ Նույն քաղաքականության համար էլ Տեր-Պետրոսյանը հեռացվեց, Փաշինյանը նրանից ոչնչով առավել չէ և ինքն էլ պե՛տք է հեռացվի։ Բացի այս, ի հեճուկս թափանցիկության ու բացառիկ դեմոկրատական խոստումների՝ Փաշինյանը մեկ բան բանակցում է, այլ բան ասում մեզ, եթե, իհարկե, չի հրաժարվում՝ բանակցում է, այսինքն առավել վտանգավոր է, քան Առաջին Նախագահը՝ վերջինս գոնե հրապարակավ հայտնում էր իր դիրքորոշումը՝ փաստ՝ վերոհիշյալ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, մինչդեռ Փաշինյանն ամեն բան անում է վերելակներում, ծածուկ՝ լայվերի ու զանազան կեղծ օրակարգերի քողի ներքո շղարշված … Ինչևէ, ամեն բան կարծես վերադառնում է ի շրջանս յուր՝ ինչպես հեռավոր 1998 թվին, այնպես և հիմա կրկին Քոչարյանը պետք է ազգային-պետական ճգնաժամից դուրս բերի երկիրը։

ՌԴ արտգործնախարարից, Ադրբեջանից վերջին օրերին ստացվող ահազանգերը ոչ այլ ինչ են, քան գույժ Արցախի մասին, դժբախտաբար, Փաշինյանի քաղաքականության ապազգային ու հակապետական լինելու մեր՝ շուրջ երկամյա կանխատեսումներն աչքներիս առաջ իրականություն են դառնում։ Նման իրավիճակում բանակցային սեղանին կարող է դրվել ոչ թե հերթական փաստաթուղթն, այլ Արցախի՝ որպես Հայկական պետականության մահախոսականը, որի ուժի մեջ մտնելուց հետո մի քանի տասնամյակի խնդիր է լինելու Հայաստանի՝ աշխարհի քաղաքական քարտեզից վերացման թուրք -ադրբեջանական խնդրի լուծումը՝ Արցախի գլխին կախված դամոկլյան սուրն անխոս խոցելու է նաև Հայաստանը. սա չէ՞ պանթուրքիզմ-պանիսլամիզմի հաղթանակը, դրա համար չէ՞ր Մեծ Եղեռնը. սգանք պիտի, բայց և դասեր առնենք։

Հաշվի առնելով այս չչափազանցված իրականությունը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական միավոր պետք է բացառիկ պետականամետ կեցվածք ընդունի՝ իր սեփական խնդիրը համարելով Փաշինյանի հեռացման պահանջը։ Այս իշխանությանը սատարող, Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանավորումն օրինականություն համարող կամ դրա դեմ լռող ամենքը հանցակիցն են ոչ միայն Երկրորդ Նախագահի, այլև Արցախի շուրջ իրականցվող խիստ ոչ հայանապաստ գործընթացների․ ողջամիտ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում միտքը՝ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով անազատության մեջ է պահվում նախևառաջ Արցախի շուրջ ծավալվող հակապետական գործունեությանը չխոչընդոտելու համար։

Այս թվացյալ խաղաղությունն առավել մահաբեր է, քան պատերազմը, մեզ պետք են պատերազմով խաղաղություն շահած գործիչներ, ոչ թե պատերազմից խուսափած խաղաղություն ու պետություն վաճառողներ։

Հ.Գ. «Հիշու՛մ եմ և պահանջու՛մ»՝ այս խոսքերով Մեծ Եղեռնն ենք ոգեկոչում. չե՜մ ուզում օրերից մի օր էլ Արցախ աշխարհը ոգեկոչեմ, նորից յաթաղանվեմ, ուզու՜մ եմ՝ Հայ Դատը ծվատի միտքը թուրքի, ոչ թե մտքում նրա թանգարանում մեկ հայ թողնելու երազն ապրի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստան ֊ Արցախը մինչև Սերժ Սարգսյանն ու Իրենից հետո։1997 ֊ 1998 թթ.։ Հաղթանակած Արցախի պետականության հիմքերն ամուր…

Опубликовано Վահե Եփրիկյան Воскресенье, 26 апреля 2020 г.