Վրաստանում որոշ արգելքներ այսօրվանից կհանվեն․ թարմ տվյալներ

Ապրիլի 27-ից Վրաստանում մեկնարկում է արտակարգ դրության շրջանակներում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը, հայտնում է «Ալիք Մեդիան»։ Այս փուլում Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը։

Թույլատրվում է նաև առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:

Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքով՝ նշված արգելքները կգործեն Վրաստանի ողջ տարածքում, բացի այն շրջաններից, որտեղ խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարված:

Ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը: Թբիլիսի, Բաթում, Քութայիս և Ռուսթավ քաղաքների մուտքերն ու ելքերը, որ փակ են ապրիլի 15-ի որոշմամբ, 2 օրվա ընթացքում բաց կլինեն նրանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրեր: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:

Ի դեպ, երկրի գլխավոր համաճարակաբաններից Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանն այս պահին գտնվում է համավարակի պիկում։

Ըստ Worldometers.info կայքի թարմացրած տվյալների՝ երկրում վարակակիրների թիվը 496 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 149 մարդ, մահացել՝ 6-ը։