Պերուի ՆԳ նախարարը հրաժարական է տվել՝ 1200 ոստիկանի կորոնավիրուսով վարակման լուրը հայտնելուց հետո

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի թեժ պահին ընդունել է ներքին գործերի նախարար Կառլոս Մորանի հրաժարականը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով տեղական Comercio թերթին։

Ավելի վաղ Մորանը հայտարարել էր, որ Պերուում COVID-19-ով վարակվել է իրավապահ մարմինների շուրջ 1200 աշխատակից։

Երկրի վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, որ ՆԳ նախարարի հրաժարականը կապված է ոստիկանության համար պաշտպանական սանիտարական սարքավորումների մատակարարման շուրջ կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ:

«Նախարար Մորանը հրաժարական է տվել անձնական պատճառներով։ Նա նախարարությունը գլխավորել է 2018 թվականի հոկտեմբերից, և մենք հարգում ենք նրա որոշումը»,- հայտարարել է վարչապետը։

ՆԳՆ նոր ղեկավար Գաստոն Ռոդրիգես Լիմոն, որը նախկինում ղեկավարում էր ազգային ոստիկանությունը, արդեն երդում է տվել։

Մեկ ամիս առաջ Պերուի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել Առողջապահության նախարարության ղեկավարությունում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ևս մի կարևոր գերատեսչությունում:

Վերջին տվյալների համաձայն՝ Պերուում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 21 648-ի, մահացել է 634 մարդ: Վիսկարան երկարաձգել է արտակարգ դրության գործողությունը մինչև մայիսի 10-ը: Արտակարգ դրությունը ենթադրում է պարտադիր կարանտին և պարետային ժամ։