1915 թ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն անդրադարձել է մեր պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը:

1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: Զանգվածային ոչնչացումը և տեղահանությունը ծանր հետք թողեցին ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև նրա ազգային ինքնագիտակցության վրա: Գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Օսմանյան կայսրությունը սուլթանական Թուրքիայի պաշտոնական անունն է. պետություն, որը զարգացավ XIV-XV դարերում Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում թուրքական նվաճումների արդյունքում, 1918-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո փլուզվեց: 1923-ին Օսմանյան կայսրության հողերում`Փոքր Ասիայում և Հարավարևելյան Եվրոպայում առաջացավ Թուրքիայի Հանրապետությունը:

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքներում, պատմական անվանումը՝ Արևմտյան Հայաստան (այժմ՝ Արևելյան Անատոլիա), որն այդ ժամանակ բնակեցված էր հիմնականում հայերով:

Քաղաքականությունը, որը հանգեցրեց ցեղասպանության, հիմնված էր նախևառաջ Օսմանյան կայսրությունում գերիշխող պանթուրքիզմի գաղափարախոսության վրա, այն դրսևորվում էր ոչթուրք ժողովուրդների հանդեպ անհանդուրժողականությամբ:

Ցեղասպանության պատմության մեջ որոշ պատմաբաններ առանձնացնում են երկու ժամանակաշրջան: Եթե առաջին փուլում (1878-1914) խնդիր էր դրված պահել ստրկացված ժողովրդի տարածքը և կազմակերպել զանգվածային արտաքսում, ապա 1915-1922 թվականներին անկյունաքարային էր հայ էթնիկ և քաղաքական վերնախավի ոչնչացումը, որը խոչընդոտում էր պանթուրքիզմի ծրագրի իրականացմանը:

Առաջին աշխարհամարտից առաջ հայկական էթնիկ խմբի ոչնչացումը իրականացվում էր առանձին սպանությունների ձևով, որը պարբերաբար զուգորդվում էր հայերի զանգվածային սպանդով այն բնակավայրերում, որտեղ նրանք կազմում էին բացարձակ մեծամասնություն (կոտորածը Սասունում, կոտորածները ամբողջ կայսրության տարածքում 1895-ի աշնանը և ձմռանը, կոտորածները Ստամբուլում և Վանի նահանգում):

Այս տարածքներում բնակվող ժողովրդի թիվը մինչև կոտորածները վիճահարույց է, քանի որ արխիվների զգալի մասը ոչնչացվել է: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի կեսերին ոչմուսուլմանները կազմում էին բնակչության մոտ 56% -ը:

Ըստ Հայոց Պատրիարքարանի՝ 1878 թվականին Օսմանյան կայսրությունում ապրում էր երեք միլիոն հայ: 1914-ին Թուրքիայի հայոց պատրիարքարանը երկրում հայերի թիվը գնահատել է 1 845 450 մարդ: 1894-1896 թվականներին տեղի ունեցած կոտորածի, Թուրքիայից հայերի փախուստի և հարկադրաբար դավանափոխության պատճառով հայ բնակչությունը նվազել էր ավելի քան մեկ միլիոնով:

1908-ի հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը շարունակեցին ազգային-ազատագրական շարժումը դաժանորեն ճնշելու իրենց քաղաքականությունը: Գաղափարախոսության մեջ օսմանիզմի հին դոկտրինան փոխարինվեց պանթուրքիզմի և պանիսլամիզմի ոչ պակաս կոշտ հասկացություններով:  Սկսվեց ժողովրդի բռնի թուրքացումը, արգելվեց ոչթուրքական կազմակերպությունների գործունեությունը:

1909-ի ապրիլին տեղի ունեցավ Կիլիկիայի կոտորածը՝ Ադանայի և Հալեպի վիլայեթների հայերի զանգվածային սպանդը: Կոտորածի զոհ դարձան շուրջ 30 հազար մարդ, որոնց թվում ոչ միայն հայեր էին, այլև հույներ, սիրիացիներ և քաղդեացիներ: Ընդհանրապես, այս տարիների ընթացքում երիտթուրքերը հիմք էին նախապատրաստել «հայկական հարցի» ամբողջական լուծման համար:

1915-ի փետրվարին, կառավարության հատուկ նիստում, երիտթուրքական գաղափարախոս դոկտոր Նազիմ-բեյը ուրվագծեց հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը. «Անհրաժեշտ է ամբողջովին բնաջնջել հայ ժողովրդին՝ մեր երկրի վրա չպետք է թողնել նույնիսկ մեկ ողջ հայ: Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի հիշողությունից …»:

1915-ի ապրիլի 24-ին, որն այժմ նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավոր, կրոնական, տնտեսական և քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչը հանգեցրեց հայ մշակույթի ականավոր գործիչների մի ամբողջ համաստեղության ամբողջական ոչնչացման: Ձերբակալվել և հետագայում սպանվել են հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ, այդ թվում ՝ գրողներ Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը: Չկարողանալով տանել ընկերների մահը, մեծագույն կոմպոզիտոր Կոմիտասը ընկավ ծանր ապրումների մեջ:

1915-ի մայիս-հունիս ամիսներին Արևմտյան Հայաստանում սկսվեցին հայերի զանգվածային կոտորածը և տեղահանությանը:

Դա համակարգված արշավ էր Օսմանյան կայսրության հայ բնակչության դեմ. հայերին վտարել անապատ և ոչնչացնել: Հայերը տեղահանվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոններից:

1915 թվականի հունիսի 21-ին, տեղահանության վերջին գործողության ժամանակ, նրա գլխավոր ոգեշնչող, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հրամայեց վտարել «բոլոր հայերին առանց բացառության», ովքեր ապրում էին Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասը նահանգներում, բացառությամբ նրանց, ովքեր օգտակար են համարվել պետության համար:

Թուրքիայի հայերին արտաքսելու և ոչնչացնելու գործընթացն ավարտվեց 1920-ին փախստականների դեմ մի շարք ռազմական արշավներ կատարելով Կիլիկիա և 1922-ի սեպտեմբերին Զմյուռնիայում (ժամանակակից Իզմիր) կազմակերպելով ջարդեր, երբ Մուսթաֆա Քեմալի հրամանատարության տակ գտնվող զորքերը ներխուժեցին Զմյուռնիայի հայկական թաղամաս, և այնուհետև արևմտյան տերությունների ճնշման ներքո նրանք թույլատրեցին ողջ մնացածներին տարհանվել:

1915-1923 թվականներին, ըստ հայ պատմաբանների, ոչնչացվել է մոտ 1,5 միլիոն հայ, այրվել և թալանվել է ավելի քան 60 հայկական քաղաք և 2,5 հազար գյուղ: Մոտ մեկ միլիոն մարդ փախել են կամ թուրքերի կողմից վտարվել Միջագետք, Լիբանան, Սիրիա:

Հայերի բնաջնջումը ուղեկցվեց նրանց մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Պայթեցրել են հայկական պատմական հուշարձաններն ու եկեղեցիները, քաղաքային թաղամասերը ոչնչացվել կամ գրավվել են թուրք և քուրդ բնակչության կողմից և անվանափոխվել:

Ցեղասպանությունը պատճառ դարձավ հայերի աշխարհով մեկ ցրվելու, որոնք այսօր հիմնականում բնակվում են իրենց պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Այսօրվա Թուրքիայում, բացառությամբ Ստամբուլի, որտեղ գոյատևում էր շուրջ 40 հազարանոց հայկական համայնք, գրեթե ոչ մի հայ չի մնացել:

Ավելի քան 100 տարի շարունակ տարբեր երկրներում գործող հայկական հասարակական և քաղաքական կազմակերպությունները պայքարում են 1915-ի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման համար:

1987-ին Եվրախորհրդարանը համապատասխան բանաձև ընդունեց:

Երկրներից Ուրուգվայը առաջինը ճանաչեց ցեղասպանությունը 1965 թ.-ին, այնուհետև Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլիը, Վատիկան, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:

Հայերի ցեղասպանությունը ճանաչել են նաև Գերմանիան, Պորտուգալիան, Լիբիան, Բրազիլիան, Պարագվայը, Սիրիան:

Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները դատապարտող բանաձևեր ընդունվել են Բուլղարիայի և Դանիայի խորհրդարանների կողմից:

1995 թ. Ռուսաստանի Դաշնության Պետդուման ընդունեց «1915-1922 թվականների հայ ժողովրդի ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, դատապարտելու մասին» բանաձևը:

Հայոց ցեղասպանությունը տեղական ինքնակառավարման մակարդակով ճանաչվել է նաև Ավստրալիայում, Արգենտինայում, Կանադայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվում և դատապարտվում են այնպիսի ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է:

Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանության մեղադրանքները՝ պնդելով, որ և՛ հայերը, և՛ թուրքերը զոհ էին դարձել 1915 թվականի ողբերգության համար և ծայրաստիճան ցավոտ է արձագանքում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Թուրքիան նաև կոչ է անում ստեղծել պատմաբանների միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի երկրում առկա արխիվային փաստաթղթերը՝ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին օբյեկտիվ մոտեցում մշակելու համար:

1965-ին Էջմիածնի Կաթողիկոսության տարածքում տեղադրվեց Ցեղասպանության զոհերի հուշարձան: 1967-ին Երևանում ավարտվեց հուշահամալիրի կառուցումը Ծիծեռնակաբերդի բլրի վրա: 1995-ին հուշահամալիրի հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը:

Ամեն տարի, ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերին: Հիշատակի հիմնական միջոցառումներն անցկացվում են Երևանում:

2020 թ. Հայաստանում տեղի չունեցան զանգվածային իրադարձություններ՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ: Կանցկացվեն միայն հանդիսավոր միջոցառումներ՝ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Թարգմանեց  Ծովինար Մանուկյանը