Հայոց ցեղասպանության մասին պատմող յոթ ֆիլմեր

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի լեզվով պատմելու շատ փորձեր են արվել և հայ, և օտար ֆիլմարտադրողների կողմից: Ցեղասպանության հեղինակ Թուրքիան չընդունելով իր արած ոճրագործությունը, չճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը, պարբերաբար ջանացել է խոչընդոտել ֆիլմերի նկարահանումները: Այսպես, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու Metro-Goldwyn-Mayer-ի փորձերը բազմիցս ձախողվել են՝ ԱՄՆ Պետքարտուղարության վրա թուրքական ճնշումների պատճառով: Վեպն էկրանավորվել է միայն 48 տարի անց: Ձեզ ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված գեղարվեստական ֆիլմերից մի շարք:

  1. «Մայրիկ» (1991)

«Մայրիկ» ֆիլմը ստեղծվել է 1991 թ.՝ ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վեռնոյի կողմից: Սցենարի հեղինակ և ռեժիսոր Անրի Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում հանգրվանած ընտանիքի ժառանգ է: «Մայրիկը» ինքնակենսագրական ֆիլմ է, որի հերոսը ընտանիքի հետ փրկվել էր Ցեղասպանությունից և ապաստան գտել Ֆրանսիայում: Փրկվելով թուրքի յաթաղանից` Զաքարյանների ընտանիքը տեղափոխվում է Մարսել: Չնայած օտար երկրում կրած զրկանքներին ու դժվարություններին՝ ընտանիքը միավորված է սիրով և համերաշխությամբ: Վերնոյը ֆիլմը նվիրել է իր մորը, որի հիշողությունները հիմք են հանդիսացել ֆիլմի համար: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմությունը։ Դերասանական կազմը  շքեղ աստղաբույլ է՝ Օմար Շարիֆ, Ռիշար Բերի, Կլաուդիա Կարդինալե, Սերժ Ավետիքյանը և այլք: 

  1. «Արտույտների ագարակը» (2007)

Ֆիլմն ստեղծվել է հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վիպակի հիման վրա: Վիտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների` 2007 թվականին նկարահանած իտալական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն «Արտույտների ագարակ» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։ Երկու հայ եղբայրներ են, որոնք 20 տարի չեն տեսել միմյանց: Արամը պատրաստվում է եղբորը դիմավորելուն, բայց սարսափելի իրադարձությունները խանգարում են նրանց հանդիպմանը: Սկսվում է Առաջին աշխարհամարտը, և թուրք զինվորները հրամաններ են ստանում ոչնչացնել հայկական ընտանիքները: Ֆիլմը 2007 թվականին երևանյան  միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե ծիրանի»: Տավիանի եղբայրները պատվավոր մրցանակ են ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրման համար»: Ֆիլմում նկարահանվել են Պաս Վեգան, Արսինե Խանջյանը, Չեկի Կարիոն և այլք:

  1. «Արարատ» (2002)

2002 թ. նկարահանված այս ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինկաը և համապրոդյուսերը Ատոմ Էգոյանն է: Ֆիլմը Մեծ եղեռնի և այդ ընթացքում ծավալված իրադարձությունների՝ մասնավորապես Վանի հերոսամարտի մասին է: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է ռեժիսորը (որի դերում Շառլ Ազնավուրն էր)  նկարահանում ֆիլմ՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը։ Ֆիլմի գլխավոր հերոսը 18-ամյա Րաֆֆինն է՝ մի մարդ, որի մեջ ապրում են ընտանեկան ավանդույթները և հայ ժողովրդի ողբերգության մասին հիշողությունը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2002-ին՝ Կաննի կինոփառատոնում: Կանադական «Genie 2003» կինոփառատոնի ժամանակ «Արարատ»-ը ստացել է հինգ մրցանակ, ինչպես նաև 2004-ին արժանացել է «Ոսկե ծիրանի»՝ երևանյան միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերերում հանդես են եկել Շառլ Ազնավուրը, Քրիստոֆեր Պլամերը, Դևիդ Ալփեյը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սիմոն Աբգարյանը:

  1. «1915» (2015)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականին: ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Լոս Անջելեսի թատրոնը բեմադրում Ցեղասպանության զոհերի հիշատակի մասին պիեսը, բայց բեմադրության պրեմիերայից հետո ատելությունն ու այլատյացությունը միայն հասարակության մեջ աճում են: Եվ թատրոնում ինքնին սկսում են տեղի ունենալ անբացատրելի, երբեմն առեղծվածային իրադարձություններ, որոնք կապված են դերասանուհիներից մեկի սարսափելի անցյալի հետ: Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը: Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը և Անժելա Սարաֆյանը:

  1. «Սպի» (2014)

Հայոց ցեղասպանության մասին այս ֆիլմը էկրան է բարձրացել 2014-ին: Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը 2014 թվականին ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, որը կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է, ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների որոնումները:  Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Թահար Ռահին, Սիմոն Աբգարյանը, Մաքրամ Խուրին, Արսինե Խանջյանը, Ակին Ղազին և այլք:

  1. «Խոստում» (2016)

«Խոստում» (անգլ.՝ The Promise), ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջը 2016 թվականին նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմական դրաման։

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, իսկ

Հայաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցաադրվել է 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը եռալեզու է՝  հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այն ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:

  1. «Արամ»

Ֆիլմը նկարահանվել է 2002-ին, ռեժիսորն է Ռոբերտ Քեշիշյանը: Սարգիսյանների ընտանիքը հեռանալով իրենց պատմական հայրենիքըից, երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն հետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։

Ֆիլմում նկարահանվել են Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Լյուբնա Ազաբելը, Ալան Մոտեն և այլք: