Մենք պարտավոր ենք դեն նետել զոհ լինելու զգացողությունը

24․ապրիլ, 2020, Երևան

Հայոց ցեղասպանության օրից անցավ 105 տարի, մեկ դար և ավելի։ Հիշում ենք, խնկարկում ենք ու երբեք չենք մոռանալու։ Այո, նաև պահանջում ենք․․. Իսկ ի՞նչ ենք պահանջում և ումի՞ց․․․ Պահանջում ենք ճանաչո՞ւմ, դատապարտո՞ւմ, ճիշտ ենք անում․․. ցանկացած ցեղասպանություն, եթե չի ճանաչվել ու չի դատապարտվում, կրկնվելու է․․․ Աշխարհի պետություններից կեսից ավելին ճանաչել է և դատապարտել, անգամ ոմանք օրենքի ուժով քրեական հանցագործներ են ճանաչում այն անձանց, որոնց մերժում են, ժխտում են Հայոց ցեղասպանությունը․․․Աշխարհը վաղուց ամեն ինչ գիտի։ Մեզանից էլ լավ։ Բայց նույն այդ աշխարհը մեր ժողովրդի ցեղասպանվելու փաստը միշտ օգտագործելու է իր շահերի համատեքստւմ։ Սա արձանագրենք ու անցնենք առաջ։

Մենք աշխարհից ոչինչ չունենք ուզելու։

Աշխարհի հետ մենք պարտք ու պահանջ չունենք։

Հերիք է միամիտ մնանք և հերիք է այլևս փոքրիկ, նեղացած մանկան պես նայենք դուրս և խնդրենք, որ ընդունեն։

Հերիք է նվնվանք, թե մեզ ծեծել են, սպանել են, տարհանել են, հայրենազրկել են, մորթել են։

Թողնենք լացն ու կոծը, նվնվոցը, սուգը։

Հայոց Ցեղասպանությունը արդեն մեկ դարից ավելի կատարված փաստ է, և աշխարհը դա լավ գիտի, և գիտի նաև, թե ինչ համաշխարհային շահեր են խաչվել ու բախվել հայերին ցեղասպանելու, տարհանելու, հայրենազրկելու քառուղիներում։

Ուրեմն, մեր անելիքը պիտի լինի այլ բան։

Գիտնականները, պատմաբանները, ցեղասպանագետները, մարդու իրավունքի պաշտպանները պիտի աշխատեն և աշխատեն այնպես, որ կարողանան հասնել այս փաստի համաշխարհային գնահատականին։

Սա արվում է, բայց և բավարար չէ, պետք է պետությունը ամենալուրջ աջակցությունը տա այս հարցերով զբաղվող գիտնականներին և մասնագետներին։

Թողնենք լացն ու կոծը,նվնվոցը, սուգը։

Այո, մեր բոլորի արյան մեջ կա գենետիկ հիշողության կոդը, այն երբեք չի հանվելու, այն անցնելու է սերնդե-սերունդ ու մեզ ամեն ապրիլի 24-ին և այլ օրերի չի թողնելու հանգիստ քնել, հանգիստ ապրել։ Բայց և պետք է հասկանանք՝ զոհի հոգեբանությամբ հեռուն չենք կարող գնալ․․․Մենք պարտավոր ենք դեն նետել զոհ լինելու զգացողությունը․․։

Մենք նահատակվել ենք, բայց և հառնել ենք ու կանք։

Այս հառնելու, լինելիության կոդը պետք է մղել առաջին պլան։ Մենք հաղթել ենք ապրելով և պիտի մինչև վերջ առաջ գնանք հաղթելով։

Իսկ դրա համար միայն մեկ անելիք ունենք, մեկ նպատակ պիտի ունենանք՝ կառուցել հզոր Հայաստան, հզոր Արցախ և անպարտելի բանակ։

Այս վեհ նպատակները նվնվոցով չես իրագործի, հարկավոր է թողնել նվնվոցը, զոհի հոգեբանությունն և առաջ գնալ , ոտքերի վրա ամուր կանգնած և այլևս ՝ ՀԱՂԹՈՂԻ հոգեբանությամբ ու հաղթողի համառությամբ, գլուխը բարձր։

Արցախյան ազատամարտը եկավ մեզ բոլորիս հենց այդ մասին ասելու․․․Իսկ մենք դեռ հետևություններ չենք արել․․

Ես զոհ չեմ, ես հաղթող եմ․․

Ինչպես Վազգեն Սարգսյանն է մի առիթով ասել, ես հիմա կրկնեմ․»Մազապուրծ բառը իմ սրտով չէ, ես չեմ ուզում ընդունել այդ բառը, եթե կուզեք, ինձ ավելի հոգեհարազատ է ագրեսոր բառը»։

Մենք մազապուրծ չենք, մենք հաղթել ենք թուրքին, որովհետև կանք, որովհետև ազատագրել ենք մեր Արցախը, և հիմա պարտավոր ենք հզորանալ։

Կարո՞ղ ենք հզորանալ, ուրեմն՝ կապրենք ու աշխարհը մեզ կհարգի։ Չենք կարո՞ղ, ուրեմն՝ դարձյալ մեզ կմորթեն․․․։

Այս քառուղիներում ուրիշ ճանապարհ չկա՝ կամ սրի վրա, կամ՝ սրով։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Մենք պարտավոր ենք դեն նետել զոհ լինելու զգացողությունը․․24․ապրիլ,2020, ԵրեւանՀայոց ցեղասպանության օրից անցավ 105…

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 24 апреля 2020 г.