Եվրախորհրդարանում իմ պարտավորությունն է բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը․ ԵԽ պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկ

Եվրախորհրդարանի պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկը բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ այս օրերին պետք է միասին լինել մտքերում, աղոթքներում՝ Ցեղասպանության զոհերին հիշատակելով:

«Այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում 105 տարի առաջ՝ 1915 թվականին, իրականացված Հայոց ցեղասպանությունը, այդ թվում նաև՝ Պոնտոսի հույների և արամեական քրիստոնյաների ցեղասպանությունը: Կրոնական, ռասայական ատելությունից և դավադրության տեսություններից բորբոքված՝ թուրքական իշխանությունները բարկությունն ուղղեցին հայ ժողովրդին, և նախաձեռնվեց՝ ներկայիս Թուրքիայի տարածքի բնիկ հայ և այլ քրիստոնյա ազգաբնակչության ոչնչացման համակարգված պլանը: Դժբախտաբար, կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, մենք չենք կարող միասին ոգեկոչել զոհերի հիշատակը Ալմելոյի հուշարձանի մոտ: Սակայն, մենք կարող ենք միասին լինել մեր մտքերում, աղոթքներում՝ Ցեղասպանության զոհերին հիշատակելով: Հետևաբար, լիահույս եմ, որ հաջորդ տարի կրկին կհանդիպեմ ձեզ»,- նշել է Անի Սխրեյեր-Պիերկը:

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, չնայած 1915թ. Ցեղասպանությանը, գոյություն ունեն հայ ժողովուրդը, հայ քրիստոնեությունը և Հայաստան պետությունը: Սակայն պետք է զգոն մնալ, քանզի քրիստոնեական ժառանգությունը նախկին Օսմանյան Կայսրության տարածքում՝ Թուրքիայի Հանրապետությունում, ցավոք, դեռ վտանգված է: Տարածաշրջանի վերջին քրիստոնյաներն ու եկեղեցիները տակավին վտանգված են հակամարտությամբ, ազգայնամոլությամբ և ծայրահեղական իսլամիզմով:

«Եվրախորհրդարանում իմ պարտավորությունն է բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը, ինչպես նաև՝ նպաստել փոխադարձ հաշտեցմանը և միջազգային համագործակցությանը, ընդսմին` Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունների էլ ավելի ջերմացմանն ու սերտացմանը: Մեր միասնականությունը և նվիրումը կմնա և կխորանա: Այդ ուղղությամբ՝ շարունակելու եմ ջանքեր գործադրել Բրյուսելում և Ստրասբուրգում»,-հավելել է  Անի Սխրեյեր-Պիերկը: