Շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով Արցախում ՀԷԿ-երի շահագործման նոր առաջնահերթություններ են սահմանվել

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման հետ կապված հանրության շրջանում ծագած մտահոգությունները, 2020թ. փետրվարի 4-ին ձևավորել էր մասնագիտական հանձնաժողով, որն իր մեկ ամսվա աշխատանքն ամփոփել էր համապատասխան արձանագրության մեջ:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից։

Հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար մարտի 17-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես կասեցվել էր:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 23-ին խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները և ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը և թափանցիկությունն ապահովելու նկատառումները՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը և, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, ևս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Գ. Մարտիրոսյանը մասնավորապես շեշտել է հանձնաժողովի արձանագրության մեջ ներառված հետևյալ առաջարկությունների պարտադիր կատարման անհրաժեշտությունը.

  1. Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչև 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաև նոր կառուցվող հիդրոէլեկտրակայանների դեպքում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.
  2. Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.
  3. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության ջրաօդերևութաբանական ցանցի վերականգնման գործընթացը սկսելու համար.
  4. 2020թ. մայիս-հունիս ամիսներին կազմել կառավարման պլանների բովանդակությունը և ներկայացնել ԱՀ կառավարության հաստատմանը.
  5. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության  գետերի  ջրավազանային  կառավարման  պլանների մշակման գործընթացը սկսելու համար:

Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա, պետական նախարարի խոսքով, դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները և փորձաքննությունները վերանայելու արդյունքում փոփոխության չեն ենթարկվի: