Եվրոպան կրկին չպետք է չափազանց ուշ, չափազանց քիչ բան անի. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպական միության երկրների առաջնորդների հետ տեսահամաժողովի ձևաչափով անցկացրած հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել տնտեսական վերականգնման հիմնադրամի անհապաղ ստեղծմանը և ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հունական կառավարության աղբյուրներին։
Հինգշաբթի տեսահամաժողովի ընթացքում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների հետևանքով տուժած տնտեսությունների հետճգնաժամային վերականգնման հարցը։
«Վարչապետ Միցոտակիսն ընդգծել է, որ Հունաստանը լիովին աջակցում է տնտեսության վերականգնման հիմնադրամի ստեղծման գաղափարին։ Նա համակարծիք է այն հարցում, որ այդ հիմնադրամը պետք է շատ մեծ լինի, և պետք է ինչ-որ ընդհանուր երկարաժամկետ պարտքային համակարգի օգնությամբ ֆինանսավորվի»,- նշել է աղբյուրը։
«Հիմնադրամն առաջին հերթին պետք է կենտրոնանա ԵՄ անդամ պետությունների սուբսիդավորումների, ոչ թե վարկերի տրամադրման վրա։ Մենք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության հետագա աճ չպետք է թույլ տանք», -զգուշացրել է Հունաստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ ռազմավարությունը, որը ցանկացած երկրի պետական պարտքն ավելի չի ծանրացնում, բոլոր երկրների ընդհանուր շահից է բխում և դադարում է լինել միայն «համերաշխության ակտ» ։
«Եվրոպան կրկին չպետք է չափազանց ուշ, չափազանց քիչ բան անի»,- ընդգծել է վարչապետը։