Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի պահանջը սոսկ պատմական հիշողության և ազգային ողբերգության տուրք չէ. Վիտալի Բալասանյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր լրանում է Ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Միջազգային հանրությունը ժամանակին չի տվել 20-րդ դարի խոշորագույն արհավիրքի՝ Ցեղասպանության համարժեք գնահատականը և դրա շարունակությունն էր 2-րդ աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած հրեաների, լեհերի և այլ ազգերի ներկայացուցիչների զանգվածային ոչնչացումը, ինչի շարունակությունն էին 1988 թվականին Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում իրականացված ոճրագործությունները:

Հայոց Մեծ Եղեռնի հիմնական խոհուրդն այն է, որ մենք պարտավոր ենք ունենալ հզոր պետություն և ամուր պետականություն: Միայն հզոր պետությունն ու պետականությունն են կազմակերպված ուժի, մարտունակ բանակի, կենտրոնացված ազգային ռազմավարության գրավականը:
Մենք աչքի լույսի պես պետք է պահպանենք մեր պետականությունը՝ ապագայում երբևիցե նման արհավիրքի կրկնություն թույլ չտալու համար:
Գիտակցում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի պահանջը սոսկ պատմական հիշողության և ազգային ողբերգության տուրք չէ, այլ մեր երկրի անվտանգության, մեր ապագա սերունդների համար ազգի պահպանման հարց է:

Այդ սոսկալի ոճրագործությունից հետո անցել է մեկ դարից ավելի, և մենք բոլորս գիտակցում ենք, որ հաղթել ենք միասին` մենք եղել ենք, կանք ու կլինենք:
Ցեղասպանության մեկ միլիոն ու կես սրբադասված նահատակների հիշատակի վառ ապացույցն է
Արցախյան հերոսամարտի հաղթանակը: Այդ հաղթանակը վկայությունն է նրա, որ մենք, անվտանգության պահապաններս, անմար կպահենք նրանց հիշատակը:

Հիշում և պահանջում ենք:

Վիտալի Բալասանյան