Ամերիկամետ «հեղափոխականները» Սիրիայում սկսել են հանձնվել

Զարմանալի է, բայց, ամենայն հավանականությամբ, շուտով ԱՄՆ-ը կսկսի «հանձնել» Սիրիայում գտնվող իր բոլոր խամաճիկներին: Եվ միայն Իդլիբ նահանգի թուրքամետ ահաբեկիչները (Թուրքիայի հետ միասին) կմնան սիրիական բանակի, շիական աշխարհազորայինների, ինչպես նաև… Ռուսաստանի և Իրանի (քանի որ Մոսկվան և Թեհրանը առնվազն 2014 թվականից Սիրիայի հավատարիմ դաշնակիցներն են) հիմնական մարտական ​​հակառակորդները: Այդ պատճառով չեն զարմացրել Սիրիայից, Ռուսաստանից և Լիբանանից ստացված հաղորդումներն այն մասին, որ ապրիլի 13-15-ը Իդլիբ նահանգի ռազմաճակատի հարավային հատվածում շարունակվում է հրետանային հարվածների և փոխհրաձգությունների փոխանակումը սիրիական զորքերի և իսլամական ահաբեկիչների միջև: Ըստ տեղում ստացված հաղորդումների՝ հրոսակախմբերը կրակ են բացել Ֆլայֆել, Մելաջա և Խազարին գյուղերի ուղղությամբ: Ի պատասխան, սիրիական բանակի հրետանին հարվածել է ահաբեկիչների առաջնագծի կրակակետերին (Ֆաթիրա գյուղի մոտակայքում) և թիկունքի օբյեկտներին Ալ-Բարա ու Քենսաֆրա քաղաքներում, հայտնում է «Ռազմական դիտորդ» ռուսական պորտալը:

Իդլիբ նահանգի հարավում ռազմական գործողությունների սաստկացումից բացի, ապրիլի 14-ի երեկոյան ինքնաձիգային կրակոցներ են հնչել սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող Սարաքիբ քաղաքի տարածքում, փոխհրաձգություն է գրանցվել նաև Հալեպի արևմտյան ռազմաճակատում: Իդլիբի դեսկալացիոն գոտում Ռուսաստանի և Թուրքիայի միջև մարտի 5-ի համաձայնագրերին համապատասխան հաստատված հրադադարի ռեժիմի խախտումները առայժմ անդառնալի բնույթ չեն կրում: Այնուամենայնիվ, Անկարայի կողմից լրացուցիչ ուժերի շարունակական կենտրոնացումը Սիրիայի հյուսիս-արևմտքում և Մ-4 մայրուղուց հարավ գտնվող տարածքներից (Հալեպ – Լաթաքիա) ահաբեկիչներին դուրս բերելու առաջընթացի բացակայությունը լարվածութոյւն են պահպանում տարածաշրջանում: Սոցցանցերում նախկինում հայտնվել են գրոհայինների կողմից ապամոնտաժված էլեկտրահաղորդման աշտարակների լուսանկարները, որոնք M-4 մայրուղուց դեպի Թուրքիայի սահման են տեղափոխվել: Դիտորդները նշում են, որ նախկինում սիրիական բանակի սպասվող հարձակողական գործողություններից առաջ ևս եղել են աշտարակներ ապամոնտաժելու դեպքեր:

Դե իսկ Սիրիայի հարավում, չի բացառվում, որ խաղաղությունը ավելի շուտ հաստատվի, քան հյուսիսում: ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված «Ջեյշ Մագավիր ալ-Սաուրա» («Հեղափոխական կոմանդոսների բանակ») խմբավորման ահաբեկիչները, որը վերջին տարիներին գործում էր Հոմս նահանգի արևելքում գտնվող Էթ-Թանֆ քաղաքի տարածքում, հանձնվում են սիրիական բանակին: Ըստ Դամասկոսի աղբյուրների՝ ապրիլի 14-ին տասից ավելի հրամանատարական պիկապներ, այդ թվում՝ նրանց վրա տեղադրված գնդացիրներով, դուրս են եկել ամերիկացիների կողմից վերահսկվող տարածքից բանակային անցակետերի ուղղությամբ: Ինչպես նշում են սիրիական զորքերը՝ ամերիկամետ «զուսպ» գրոհայինները համաձայնել են լքել Էթ-Թանֆիի տարածքը և հանձնել իրենց զենքերն ու զինամթերքը այն բանի դիմաց, որ նրանց չեն հետապնդելու անօրինական զինված խմբավորումներին գործողություններին մասնակցելու համար: Նշվում է, որ երկարատև բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ջեյշ Մագավիր ալ-Սաուրա» խմբավորման ջոկատներից մեկի հետ: Այդ այսպես կոչված «Հեղափոխական կոմանդոսների բանակը» ստեղծվել է ԱՄՆ (ինչպես նաև՝ Անգլիայի) հատուկ ծառայությունների կողմից 2013-ին Էթ-Թանֆում տեղակայված բազայում՝ Սիրիայի և Իրաքի արևելյան սահմանին նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին դիմակայելու համար: Սկզբում «կոմանդոսները» պետք է լրջորեն դիմակայեին Դամասկոսի ուժերին, սակայն մի շարք պարտություններից հետո նրանք դարձան միայն Էթ-Թանֆի ռազմավարական նշանակություն ունեցող շրջանի համար նախատեսված կոծկված ուժեր, նշում է «Ռազմական դիտորդ» պորտալը: Բայց ահա այն, որ ահաբեկիչները կսկսեն հանձնվել, նույնիսկ մեկ տարի առաջ անհավանական էր թվում: Իսկ պատճառը պարզ է, ինչպես նաև «հեղափոխական» վարձկանների անկումը աշխարհի այլ երկրներում: Վերջերս ԱՄՆ զինված ուժերը կենտրոնացել են միայն Դեյր էլ-Զորի և Հասեկե նահանգների նավթային շրջանների վերահսկողության վրա: Էթ-Թանֆի բազան սկսել է նրանց քիչ հետաքրքրել: Համապատասխանաբար, մեծապես կրճատվել է նաև այստեղ տեղակայված «զուսպ» զինյալների ֆինանսավորումը: Այսպիսով, «հեղափոխականները» շտապեցին հանձնվել Սիրիայի օրինական բանակին: Այս կապակցությամբ արդիական է մեկ հարց. իսկ երբ է ԱՄՆ-ն այդքան կրճատելու «հեղափոխականների» ֆինանսավորումը, օրինակ՝ Բալկանյան Սերբիայում կամ Ուկրաինայում (կարելի է շարունակել այդպիսի երկրների ցուցակը), որպեսզի նրանք նույնպես շտապեն հանձնվել` գոնե սեփական ժողովրդին:

Սերգեյ Շաքարյանց