Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարություն է արել

Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեին՝ այս կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Այսօր մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այդ մութ ժամանակահատվածում, և հիշում ենք նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ Այս հանդիսավոր միջոցառումը խիստ հիշեցում է հետագայում այնպիսի աշխարհ կառուցելու անհրաժեշտության մասին, որը զերծ է բռնությունից և անարդարությունից: Ես սա ասում եմ ձեզ, որպես նահանգի վարչապետ, որն արժևորում է բազմազանությունը և մեծ նշանակություն է տալիս խաղաղ և ներդաշնակ հասարակության ստեղծմանը»,- ասել է Օնտարիո նահանգի վարչապետը։

Կանադայի Համայնքների պալատը 1996 թ. և 2004 թ. որոշումներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի Սենատը 2002 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Կանադայի Օնտարիո, Քվեբեկ և Բրիտանական Կոլումբիա նահանգները։